ՀՀ կառավարությունը դեսպաններին խնդրել է վերաակտիվացնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված գործողությունները, վստահեցնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը
Այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հանդես եկան խաղաղության համաձայնագրի շուրջ իրենց առաջարկների վերաբերյալ հայտարարություններով, ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետություններն էլ անցյալ շաբաթ ակտիվություն դրսեւորեցին:
Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանը հայտարարեց, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբից, փաստորեն, Հայաստանն այլ ակնկալիք ունի, եւ կամ՝ ՀՀ իշխանություններն ակնկալում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ին կհաջողվի այնպիսի առաջարկներ մշակել, որոնք կարող են ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ համապարփակ առաջարկներ ներկայացնել:
Կարդացեք նաև
Այսպես, հատկապես Ֆրանսիայից ուղերձները մի քանի մակարդակներով հնչեցին: Ֆրանսիան պատրաստակամ է՝ արձագանքելու Հայաստանի կառավարության երեկվա դիմումին եւ ամեն ինչ անելու, որպեսզի երկարատեւ խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։ Դեսպանը վերահաստատել է մարտի 9-ին Փարիզում տեղի ունեցած հայ-ֆրանսիական համագործակցության կոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարությունը, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել աջակցելու կողմերին՝ ի վերջո գտնել միմյանց համար ընդունելի պայմաններ եւ խաղաղություն հաստատել։ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծեց, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է մեզ ստիպի մոռանալ նախորդ կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ պետք է անպայման փորձել լուծել այդ խնդիրը»,-նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։ Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի հայտարարություններին, թե ղարաբաղյան հարց այլեւս չկա եւ, որ Մինսկի խումբն արդեն անելիք չունի, Անն Լույոն պատասխանել է. «Ես եւս մեկ անգամ կխնդրեմ ուշադրություն դարձնել պարոն Մակրոնի պատասխանին, որտեղ նա վստահեցնում էր, որ, այո, խնդիր կա եւ այդ խնդրին դեռ պետք է լուծում տրվի»։
Ի դեպ, Անն Լույոն հայտնել է, որ օրերս Հայաստանի ԱԳՆ-ում են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպաններն եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները, եւ Հայաստանի կառավարությունը դեսպաններին խնդրել է վերաակտիվացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման եւ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելուն ուղղված գործողությունները։
Մարտի 18-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում նրանք անդրադարձել էին տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից հայտնի էր դառնում, որ Արարատ Միրզոյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր` կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Միրզոյանը Ժան-Իվ Լը Դրիանին ներկայացրել էր Հայաստանի հետ սահմանագոտում եւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների եւ հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետեւանքով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։
Պաշտոնական Փարիզը նպատակ ունենալով ընդգծել ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ակտիվությունը, հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում Ֆրանսիայի արտգործնախարարը իր երկու գործընկերներին էլ հայտնել է, որ Ֆրանսիան, նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է ջանքեր ներդնել՝ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։
Ֆրանսիայի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Ժան-Իվ Լը Դրիանը թե՛ Արարատ Միրզոյանի, թե՛ Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներում ընդգծել է Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւորությունը եւ տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների Փարիզի պատրաստակամությունը։ Լը Դրիանը նաեւ իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին տեղում լարվածության առնչությամբ եւ կոչ է արել գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ այն նվազեցնելու ուղղությամբ։ Ի դեպ, պաշտոնական Բաքուն հաղորդագրությունում իր հերթին շեշտել էր, որ արտգործնախարարները քննարկել են խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքները։
Փաստացի, պաշտոնական Բաքուն անարձագանք է թողել խաղաղության բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով անցկացնելու՝ Հայաստանի առաջարկը, եւ առաջ է տանում իր հինգ կետերը, որոնք նաեւ գաղտնազերծել է: Նկատենք, որ ներկայացնելով Երեւանի պատասխան դիրքորոշումը՝ ՀՀ արտգործնախարարն ասել էր, թե առաջարկված հինգ կետերը խնդիրների ողջ օրակարգը չեն արտացոլում։ Արարատ Միրզոյանը շեշտել էր Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությունը։
Իսկ պաշտոնական Երեւանի խաղաղության բանակցությունների վերաբերյալ առաջարկները ընդունելի՞ են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետությունների համար… Այս հարցի պատասխանն առայժմ բաց է:
Հայտնի է նաեւ, որ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ողջունել է Հայաստանի արտգործնախարարի՝ վերջերս Թուրքիա կատարած այցը եւ խրախուսել քննարկումների շարունակականությունը՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակով։
Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա անցյալ շաբաթ ամերիկյան կառավարությունն էլ դիրքորոշում արտահայտեց այս թեմայով: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ արեց ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը։ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երեւանին ու Բաքվին այս հարցում։ Դեսպանատնից այսպես էին պատասխանել «Ազատության» հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրի բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբում քննարկելու առաջարկին։ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համագործակցության վրա կարո՞ղ է կոնֆլիկտը ազդել։ «Ազատության» այս հարցին ի պատասխան՝ ԱՄՆ-ի դեսպանատնից հիշեցրել են պետքարտուղար Բլինքենի կոչը թե՛ Փաշինյանին, թե՛ Ալիեւին՝ ցուցաբերել զսպվածություն եւ ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ խնդիրների համապարփակ լուծման համար։
Մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նրանք անդրադարձել էին հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին եւ կարեւորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Նիկոլ Փաշինյանը եւ Էնթոնի Բլինքենն անդրադարձել էին Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին եւ լարվածության աճին: «Կողմերը կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը: ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության շուրջ»,- ասվում էր մամլո հաղորդագրությունում:
Առայժմ հայտնի չէ, թե նախատեսվո՞ւմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց տարածաշրջան։ Միջնորդները պատերազմի ավարտից ի վեր Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չեն ունեցել, եւ կարելի է ենթադրել, որ Բաքուն կընդդիմանա նման ծրագրին, եթե այդպիսին լինի, որովհետեւ Ալիեւը համարում է, որ «հարցը լուծված է, նրանք չպետք է զբաղվեն հակամարտությամբ»: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հարցով զբաղվող ԵԱՀԿ միջնորդներին «թոշակի էր ուղարկում»։
Սակայն նույնիսկ Բաքվի նման դիրքորոշման պայմաններում, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հստակ դիրքորոշում են արտահայտում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ, իսկ սա, համաձայնեք, հայկական կողմի համար միանշանակ բարենպաստ մթնոլորտ է առաջ մղելու ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հստակեցման ուղղությամբ:
Ըստ ամենայնի, զգալով նման զարգացումներում որոշակի վտանգ, պաշտոնական Բաքուն դիմեց խորամանկ քայլի. Ադրբեջանն անարձագանք է թողնում խաղաղության բանակցությունները Մինսկի խմբի ձեւաչափով անցկացնելու՝ Հայաստանի առաջարկը, սակայն փոխարենը գաղտնազերծեց իր հինգ առաջարկները՝ «ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվել իրար նկատմամբ տարածքային պահանջներից, իրականացնել սահմանազատում, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել կոմունիկացիաները»։
Պաշտոնական Երեւանի եւ Բաքվի հայտարարություններն առայժմ խաղաղության բանակցությունների վերաբերյալ հստակություն չունեն՝ մասնավորապես՝ ե՞րբ, ի՞նչ պայմաններում եւ ի՞նչ հարթակում են դրանք հնարավոր։ Սակայն, այսուամենայնիվ, պաշտոնական Երեւանի՝ մանեւրելու հնարավորություններ կան, եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների հետ ճիշտ հաշվարկված աշխատանքի դեպքում կարելի է հասնել հայկական կողմի համար փոքր-ինչ նպաստավոր պայմանների բավարարման՝ նույնիսկ այսօր, երբ պաշտոնական Բաքուն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, գումարած՝ ռուս-ուկրաինական առճակատման ֆոնին աննախադեպ սրվել ու լարվել են Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները։
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 22.03.2022