Արցախի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․
Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Արցախի պահպանողական կուսակցությունը դիմում է Ձեզ կոչով, հորդորով, խնդրանքով։
Թշնամին փորձում է տարբեր նենգ, անմարդկային ձևերով կոտրել մեր ոգին, խարխլել հավատքը, մեր շարքերում սերմանել վսհատություն, խուճապ և հուսալքություն։
Կարդացեք նաև
Սա նոր բան չէ․ այս ոճին մենք ծանոթ ենք տասնամյակներ ի վեր։
Արցախի ժողովուրդը հերոս ժողովուրդ է։ Մենք հազարամյակներ շարունակ ապրում ենք մեր պատմական հայրենիքում։ Շատ ու շատ թշնամի ազգեր, ովքեր մեր նկատմամբ որդեգրել էին նույն գործելաոճը, անհետացել են պատմությունից՝ երբեմն չթողնելով իրենց մասին որևէ հիշատակ։
Նույն ճակատագրին են արժանանալու նաև մեր ներկայիս թշնամիները։ Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք առաջին հերթին՝ հոգով ուժեղ, պետք է հասկանանք՝ նման գործելաոճը ինչ-որ տեղ հետևանք է Ադրբեջանի՝ Արցախի հարցը իր ուզած եղանակով՝ այն է Արցախը ոչնչացնելով, լուծելու անկարողությամբ։
Դրա ամենակարևոր գրավականներից է ռուս խաղաղապահ առաքելության ներկայությունը այստեղ՝ Արցախում։ Այդ է պատճառը, որ նրանք փորձում են, ժողովրդական լեզվով ասած՝ «զզվացնել» մեզ՝ դիմելով ստոր և անմարդկային քայլերի, որոնց թվում են գազմատակարարման պարբերական խափանումները։
Սիրելի՛ ժողովուրդ, մենք իրավունք չունենք կոտրվելու։
Հիշե՛ք՝ մեր սուրբ նահատակներն իրենց կյանքը նվիրաբերել են ոչ այն բանի համար, որ մենք վհատվենք և փոքրոգություն ցուցաբերենք։
Կանգնել և կանգնելու ենք մինչև վերջ։
Ուժ, համբերություն և անսասան հավատ բոլորիս։