Լրահոս
Օրվա լրահոսը

«Լկտիաբար ստում է ձեր նշած սուբյեկտը». Սարգիս Խանդանյանը հերքում է Աբրահամ Գասպարյանին ու ցավում՝ «մի բան էլ ազատից անդին է մամուլը Հայաստանում»

Մարտ 22,2022 23:40

Օրերս ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ Աբրահամ Գասպարյանը հայտարարություն արեց. «Պողպատե չագուչ բռնող, մատ թափ տվող, հսկա ջարդող հայտնի անձնավորությունը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը մտել է ժողովրդավարական պետությունների բարձրագույն լիգա: Հետազոտությունը իրականացրել է Varieties of Democracy կազմակերպությունը, որն աշխարհում 200-ի հասնող պետական միավորների դեմոկրատացման ինդեքսն է հաշվում: Ինքս, որպես այդ կազմակերպության հետ մեկ տասնամյակից ավելի աշխատող փորձագետ, պաշտոնապես հայտարարում եմ՝ ստո՛ւմ ես, լկտիաբար ստո՛ւմ ես, այն էլ՝ հերթական անգամ»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասաց. «Իսկապես պետք է պարզել, թե ով է լկտիաբար ստում: Այս պարագայում լկտիաբար ստում է ձեր նշած սուբյեկտը, որը երեկ ԱԺ-ում ամբիոնից այդպիսի միտք է արտահայտել»: Նա դժգոհեց, որ Աբրահամ Գասպարյանի խոսքերը մեջբերելիս չենք ուսումնասիրել նշված զեկույցն ու չենք համոզվել Նիկոլ Փաշինյանի իրավացիության մեջ. «Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի վարչակարգը մինչեւ 2020-ը սահմանված ընտրական ավտորիտարիզմից անցում է կատարել ընտրական ժողովրդավարության: Նաեւ ժողովրդավարության մասին մյուս երկրների հետ միասին նշում է, որ առաջընթաց է արձանագրել աշխարհում ամենաբարձր ժողովրդավարացող երկրների մեջ ամենաբարձր  առաջընթաց արձանագրած  3-4 երկրներից մեկն է: Սա ապացուցելու բան չկա, փաստերն արձանագրված են այդ կազմակերպությունների  կայքերում եւ զեկույցներում»:

Ճշտեցինք՝ գուցե մեկնաբանության խնդիր է՝ Խանդանյանը պատասխանեց. «Մեկնաբանության խնդիր չկա: Varieties of Democracy կազմակերպությունը իր մեթոդաբանությամբ դասակարգում է երկրները՝ ըստ իրենց ժողովրդավարական մակարդակների: Նախկինում՝ մինչեւ 2020 թվականը, Հայաստանը դասակարգվել է ընտրական ավտորիտարիզմ բաժնում, այժմ՝ 2020-ից հետո մեկ քայլով առաջ է անցել եւ ընտրական ժողովրդավարությունում է դասակարգվել: Այստեղ բնականաբար  էական ազդեցություն են ունեցել թե՛ 2018-ի արտահերթ ընտրությունները, թե՛ 2021-ի արտահերթ ընտրությունները»:

Հարցին՝ ընդդիմության համար անհասկանալի է ըստ էության, թե ինչու է Հայաստանը պարբերաբար ժողովրդավարական ինդեքսներով արտասահմանցիների աչքերով առաջ գնում, երբ մեր երկրի ղեկավարը մատ է թափ տալիս, չագուչ է թափ տալիս ու այս ամենը հակասության մեջ է մտնում, ըստ ձեզ, չկա՞ հակասություն՝ Խանդանյանը պատասխանեց. «Ոչ թե անհասկանալի է ընդդիմության համար, այլ անցանկալի է, որ Հայաստանն ավելի ժողովրդավարանա: Varieties of Democracy-ն ընդամենը մեկ կազմակերպություն է, որ արձանագրել է դա, դրանից առաջ Economist intelligence unit-ն էր արձանագրել, որ Հայաստանը ժողորդավար է, Freedom House-ն է տարիներ շարունակ արձանագրում ժողովրդավարության առաջընթաց, իսկ դրանք փաստերով են արձանագրվում: Այդ զեկույցները չեն կազմվում մարդկանց կարծիքների հիման վրա: Օրինակ, 2021-ին անցկացված ընտրությունները այդ ցուցիչներից մեկն էր, մամուլի ազատությունը այդ ցուցիչներից մեկն է, հավաքների ազատությունը ցուցիչներից մեկն է: Ընդհանրապես մարդկանց իրավունքների երաշխավորումը Հայաստանում նպաստում է, որ մենք զեկույցներում ունենանք լավ առաջընթաց»:

Հարցին՝ մամուլը ինչո՞վ է հիմա ավելի ազատ, քան նախկինում, ասենք, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ՝ նա պատասխանեց. «Մամուլը ազատ է նրանով, որ մի բան էլ ազատից անդին է մամուլը, ցավոք սրտի Հայաստանում, կառավարության կողմից, իշխանությունների կողմից չեմ կարծում, որ կա որեւէ ճնշում մամուլի, կամ խոսքի ազատության նկատմամբ»:

Հիշեցրինք, որ նույն ձեւակերպմամբ նախկին իշխանություններն էին ասում, որ ՀՀ-ում կա խոսքի ազատություն, մամուլն ազատ է՝ Խանդանյանն արձագանքեց. «Ես ձեւակերպում չեմ անում, ես փաստն եմ արձանագրում: Եթե հիշում եք, նախորդ իշխանությունները ուղղակի տիրապետում էին այսպես ասած mainstream լրատվամիջոցների մի ամբողջ սեկտորի՝ խոսքը հեռուստաընկերությունների, խոշոր լսարան ունեցող լրատվական միջոցների մասին է: Այսօր չենք կարող թվել հեռուստաընկերություններ, որոնք իշխանությունների մերձավոր ընտանեկան շրջապատին կամ իրենց ընտանիքներին են պատկանում: Մեր կուսակցությունը չունի լրատվամիջոց պաշտոնապես»:

Նկատեցինք, որ վարչապետն ունի լրատվամիջոց՝ ՀԺ-ն՝ Սարգիս Խանդանյանն էլ պատասխանեց. «Դե, չենք կարող այդպես հայտարարել, վարչապետը ի՞նչ լրատվամիջոց ունի: Այնուամենայնիվ, այն լրատվամիջոցներն էլ, որոնք ընկալվում են որպես պրոիշխանական, կարող ենք տեսնել, որ ընդդիմության կարծիքները, ընդդիմության տեսակետները, հասարակության տեսակետները այդ լրատվամիջոցների էջերից անպակաս են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031