ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կարդացեք նաև
Հարգելի հայրենակիցներ,
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային Ժողովի օրակարգ էին մտցրել «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարության նախագիծ՝ ներքո շարադրյալ բովանդակությամբ, որի ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից տապալվեց:
Տապալելով Ազգային Ժողովի անունից հայտարարության ընդունումը, ապազգային այս իշխանությունը հերթական անգամ խոչընդոտեց մեր ազգային ու պետական շահերի առաջ մղման կարևոր քայլին:
Ուշադրություն՝ տապալվեց մի հայտարարություն, որի հիմնական նպատակն էր Ադրբեջանի շարունակական հանցագործությունները հստակ ամրագրելը, դրանց վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը քաղաքական գնահատական տալը:
Այս իշխանությունը հերթական անգամ ապացուցեց, որ ոչ միայն ինքը չի հակազդում թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական, ռազմական, հոգեբանական, տնտեսական ճնշմանը, այլև՝ կանխում ու արգելափակում է ընդդիմության ցանկացած նախաձեռնություն:
Առավել քան հստակ է, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Մեր պետականությունն ու հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ արագ համախմբվել և կտրուկ քայլերով պայքարել՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար:
Միաժամանակ, հաշվի առնելով հայտարարության ընդունման տապալումն Ազգային ժողովում խորհրդարանական ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են գալիս հետևյալ հայտարարությամբ.
Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝
1.Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ,
2.Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով,
3.Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով,
4.Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը,
5.Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները,
6.Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը,
7.Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը,
8.Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը,
9.Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը,
10.Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր,
11.Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝
- Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը սատարում է Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին,
- Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար,
- Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո,
- Արցախի Հանրապետության և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ,
- Անկախ Ադրբեջանի քմահաճույքից պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում՝ հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա, օրակարգում ունենալով Արցախի հումանիտար վիճակի, անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման, դեօկուպացիայի և կարգավիճակի հարցերը,,
- Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից,
- Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունը միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում է, ենթակա է համարժեք արձագանքի միջազգային հանրության կողմից և չի բերելու որևէ արդյունքի:
Ելնելով վերը շարադրվածից, Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում՝
- Բարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի ամենաթողության վերածվող անպատժելիությունը:
- Ձեռնարկել գործուն միջոցներ, նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը: