Լրահոս
Օրվա լրահոսը

Ձնաբքի մեջ են մնացել բեռնատարներ, զբոսաշրջիկներով ավտոբուսներ. Գոռ Մարգարյան

Մարտ 22,2022 19:33

Կապալառու այն կազմակերպությունները, որոնք ընդգրկված էին ձյան մաքրման աշխատանքներում, սակայն ժամանակին չեն արձագանքել, թերացել են իրենց աշխատանքում՝ կպատժվեն: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի Ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանն՝ անդրադառնալով առատ տեղումների պատճառով հանրապետության ճանապարհներին տիրող իրավիճակին:

Նրա խոսքով, տեղումներն այնքան առատ էին, որ ճանապարհները մաքրող կապալառու կազմակերպություններն անակնկալի էին եկել. «Եղել են այնպիսի իրավիճակներ, երբ արդեն մաքրված հատվածները շատ արագ կրկին փակվել են: Խնդիրը միայն առատ տեղումները չէին: Դրանք ուղեկցվում էին ուժեղ քամիներով: Եվ հանրապետության բոլոր մարզերում եղել է ձնաբուք: Այդ ընթացքում ճանապարհների մաքրման համար պատասխանատու բոլոր կազմակերպություններն իրենց ամբողջական ռեսուրսով գործի մեջ են եղել»:

Ըստ նրա՝ բավական դժվարություններ ու բարդություններ են եղել որոշ ճանապարհահատվածների մաքրման աշխատանքներում: «Ձնաբքերն այնպիսին էին, որ որոշ տեղերում ստիպված ենք եղել փակել ճանապարհները երթեւեկության համար, որովհետեւ տեխնիկան պարզապես չէր կարողանում աշխատել: Բոլոր մարզերում են եղել դժվարություններ, սակայն առավել բարդ իրավիճակը, ձնաբքերով, առատ տեղումներով պայմանավորված, եղել են Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում»,-ասաց Գոռ Մարգարյանը:

Նրա տվյալներով, հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների սպասարկման աշխատանքներն իրականացնում են 33 կապալառու կազմակերպություններ. «Աշխատանքներում թերացած կազմակերպությունները հիմնականում Լոռու մարզում ճանապարհները սպասարկող կազմակերպություններն են եղել, որոնք արագ չեն արձագանքել ստեղծված իրավիճակին»:  Գոռ Մարգարյանի խոսքով,  «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ն արձանագրել է բացերը, կազմվել է արձանագրություն, այժմ կատարում է մշտադիտարկում:

Նրա խոսքով, այս պահին էլ դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ. «Կապան-Տաթեւ ճանապարհահատվածն այս պահին մարդատար տրանսպորտային միջոցների համար բացվել է: Այնտեղ կան մեքենաների կուտակումներ ու ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ ուղղորդվում են այլ տարածքներ: Աշխատանքներ են տարվում բեռնատար ավտոմեքենաների համար եւս ճանապարհն անցանելի դարձնելու ուղղությամբ: Կուտակված մեքենաների թվում կան ինչպես բեռնատարներ, այնպես էլ զբոսաշրջային ավտոբուսներ:  Արդեն եղել են զբոսաշրջային խմբեր, որոնք ուղեկցվել են Երեւան»:

«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի ներկայացուցիչը նաեւ նշեց, որ կցորդով մեքենաների կուտակումներ կան Ոսկեվան-Ջուջեւան հատվածում, սակայն ամեն ինչ արվում է, որ ժամերի ընթացքում այն երթեւեկելի դառնա. «Զանգեր կոչվող հատվածում մի քանի օր կուտակումներ եղել են, սակայն արդեն այդտեղ խնդիրը լուծված է»:

Գոռ Մարգարյանը հորդորեց, որ եղանակային այս պայմանների դեպքում երթեւեկել խիստ անհրաժեշտության դեպքում եւ բացառապես ձմեռային անվադողերով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031