Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ամբիոնից Փաշինյանին հայհոյելը դեռ զոհողություն չէ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մարտ 22,2022 19:22

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ավելի քան համոզված է, որ հայ ժողովուրդը անտարբեր չէ Հայաստանի, Արցախի ճակատագրի հանդեպ, բայց կարծում է, որ հայ հանրությունն ապակողմնորոշված է, քանի որ չկան ուժեր, անհատներ, որոնց մարդիկ կարող են վստահել իրենց ճակատագիրը եւ գնալ կարեւոր խնդիրներ լուծելու համար:

Այսօր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած՝ «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում եւ սպառնում Հայաստանին» թեմայով քննարկման ժամանակ, քաղաքագետն ասաց նաեւ, որ հանրությունը հիասթափված է՝ իր էլիտաներից, իր դաշնակիցներից եւ որպես արդյունք, խնդիրներ չի ձեւակերպում, չի պահանջում դրանց համար լուծումներ եւ ստեղծվում է մի իրավիճակ, երբ ամբողջ օրը խոսում ենք Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի կամ ընդդիմադիր որեւէ գործչի մասին: Քաղաքագետը, սակայն, հիշեցնում է, որ Հայաստանը նրանք չեն, այլ մարդիկ են, որոնց համար մենք պարտավոր ենք ձեւավորել այն ուղենիշները, որոնց համար մարդիկ պատրաստ կլինեն պայքարել, խնդիրներ ձեւակերպել եւ պահանջել դրանց լուծումները: Այս համատեքստում, նա կարծում է, որ պետք է օրակարգեր փոխվեն եւ դա պետք է հանրությունը անի. «Օրինակ, գնալ եւ պահանջել ՌԴ-ից, որպեսզի ապահովի Արցախի անվտանգությունը: Չէ՞ որ գազատարը փակելով՝ Ադրբեջանը թքում է այն փաստաթղթի վրա, որի տակ դրված է նաեւ ՌԴ նախագահ Պուտինի ստորագրությունը : Գրված էր, չէ՞, որ Ադրբեջանը պարտավոր է այսպես կոչված, Լաչինի միջանցքով, ապահովել մարդկանց, բեռների ազատ տեղաշարժը. հիմա գազի ազատ տեղաշարժը չի ապահովվում»: Բանախոսը նկատում է, որ Ադրբեջանն այդպես է վարվում այն ՌԴ-ի հետ, որը փորձում է աշխարհին ապացուցել, որ իր ներուժը բավարարում է աշխարհակարգ փոխելու համար. «Դե հիմա, թող այստեղ էլ փորձեն ապացուցել՝ ՌԴ-ն ունի՞ այդ պոտենցիալը՝ իր պահանջներին տեր կանգնելու Հայաստանում, Արցախում, Հարավային Կովկասում»:

Հայկական օրակարգի ձեւավորման եւ խաղաղության հասնելու համար, բանախոսի գնահատմամբ, պետք է հասնենք նրան, որ հայ հանրությունը կրկին դառնա քաղաքական լուրջ խնդիրներ ձեւակերպող հանրություն եւ դուրս գա ցեխակռվից, որի ընթացքում կորում է ամեն բան: Այս ամենում, նրա համոզմամբ, ընդդիմադիր գործիչները պետք է դերակատարում ունենան եւ դա «բարձր ամբիոններից իջնելն է, հիմա գործելու ժամանակն է» եւ պետք է պայքարեն՝ պատրաստ լինելով ռիսկային քայլերի եւ զոհողությունների: Քաղաքագետի համոզմամբ, հետպատերազմյան փուլում իշխանափոխության առաջին հնարավորությունը տապալվեց հենց այդ պատճառով, որ շատերը վախեցան զոհողությունների գնալուց, ձերբակալվելուց, մի քանի տարի նստելուց, իսկ եթե քաղաքական գործիչը պատրաստ չէ իր գաղափարի համար զոհողությունների, ապա նա սովորական ֆունկցիոներ է. «Ամբիոնից Փաշինյանին հայհոյելը դեռ զոհողություն չէ»:

Քննարկումը վարող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ իր խոսքում նկատեց, որ հանրությունը քաղաքական էլիտաների օգնությամբ պետք է արթնանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031