Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարող է Հրանտ Բագրատյանը օտարերկրյա ագենտ է, որտեղի՞ց գիտի, որ մայիսին պատերազմ է լինելու, ո՞ւմ հետ է ինքը շփվում». Քրիստինե Պողոսյան

Մարտ 22,2022 19:11

 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ ԱԺ-ում ելույթ ունենալիս կանխատեսում էր արել, որ ապրիլ-մայիսին Հայաստանի վրա կլինի հարձակում:

Նա առաջարկ էր արել. «Առաջարկելու ենք սահմանամերձ 40 գյուղերը դարձնել ռազմական բնակավայր, 16-ից 60 տարեկան տղամարդկանց եւ կանանց կրակել սովորեցրեք, շաբաթը մի անգամ մարզանքի հրավիրեք, կառուցեք կապսուլներ, հերիք է այդ խրամատները ստից փորեք, բայրաքթարը խփում է, 30 մետր խորությամբ հողը հանում է: Կապսուլներ՝ 3-5 մետր խորությամբ: Մի հատ այդպիսի հնարավորություն տանք մարդուն՝ ոչ մի թիզ հող չեք հանձնի: Մի հատ այդպիսի բան արեք, 300-400 մլն-ի պատմություն է Հայաստանի սահմաններին այդպիսի կապսուլներ կառուցելը, մենակ պրեմիա եք ձեզ տալիս»:

Այս առնչությամբ Aravot.am -ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը արձագանքեց. «Ինքը իմ համար այն մարդը չի, որ պետք է կանխատեսում անի: Կանխատեսում անելու համար գոյություն ունեն պետական պաշտոնական մարմիններ՝ ԱԱԾ գոյություն ունի, պաշտպանության նախարարություն գոյություն ունի, Հրանտ Բագրատյա՞նն է անում: Հարցրե՛ք Բագրատյանին, կարող է գործընկերներ ունի Թուրքիայում, իրեն ասել են՝ այ այս ամիսներին որոշել ենք բան անենք: Մի հատ հարցրեք»:

Մեր դիտարկմանը, որ նա զուտ զգուշացնում է, ասում է՝ 16-ից 60 տարեկաններին կրակել սովորեցրեք, պատրաստվեք, կապսուլներ տեղադրեք՝ Քրիստինե Պողոսյանն արձագանքեց. «Դա անում է պետությունը: Բայց Հրանտ Բագրատյանը որտեղի՞ց գիտի»: Ասացինք՝ Բագրատյանը տրամաբանում է, ասում է՝ փորձը ցույց է տվել, որ թուրքերը չեն սիրում ցեխի մեջ կռվել, հենց օրերը տաքանան՝ կհարձակվեն՝ Պողոսյանը պատասխանեց. «Ես էլ տրամաբանում եմ, որ մենք գնալու ենք լավ ճանապարհով, Հայաստանը զարգանալու է, Հայաստանը լինելու է առաջադեմ երկիր, ես էլ այսպես եմ տրամաբանում: Ասում եք՝ որտեղի՞ց դու նման բան գիտես, ասում եմ՝ ես երիտասարդներին եմ տեսնում, լավ սերունդ է մեծանում, խելացի երեխեք են, տրամաբանում եմ, որ դա պետք է բերի սրան: Հիմա ինքը ինչի՞ է տրամաբանում, հարցրեք Հրանտ Բագրատյանին, կարող է մարդը ինֆորմացիա ունի, կարող է մարդը օտարերկրյա ագենտ է, հարցրեք՝ որտեղի՞ց գիտի»: Դիտարկմանը՝ տարիների փորձն է Բագրատյանին հուշում՝ նա պատասխանեց. «Իր տարիների փորձն էլ գիտենք, տեսել ենք, ապրել ենք իր ղեկավարման օրոք, այդ ամեն ինչը տեսել ենք»:

Երբ փոխանցեցինք՝ Բագրատյանն ասում է՝ այդ խրամատները ստից մի փորեք, բայրաքթարը խփում է, 30 մետր խորությամբ հողը հանում է, կապսուլներ տեղադրեք՝ ձեր պարգեւավճարների փոխարեն՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Ես պարգեւավճար չեմ ստանում ընդհանրապես, արդեն այ այստեղ է հասել պարգեւավճարի թեման: Եկեք մի քիչ ռեալ խոսենք՝ ամեն ինչ ունի իր նշանակությունը, խրամատն ունի իր նշանակությունը, բայրաքթարի դեմ պայքարող միջոցներն իրենց նշանակությունն ունեն, չես կարող ասել՝ այս մեկը պետք է անես, մյուսը չպետք է անես: Ես կին եմ, չեմ ծառայել՝ այդքանը հասկանում եմ, Բագրատյանը տղամարդ է՝ լրիվ այլ կերպ է մեկնաբանում, էլ ի՞նչ մեկնաբանեմ իր կանխատեսումները: Ինձ, որպես պատգամավոր, շատ հետաքրքիր է, Բագրատյանին որտեղի՞ց այդ ինֆորմացիան: Ո՞ւմ հետ է ինքը շփվում, ո՞վ է նրան այդպիսի ինֆորմացիա տալիս Հայաստանի սահմաններից դուրս, ինչի՞ է այդ ինֆորմացիան տալիս հենց Բագրատյանին, շատ հետաքրքիր է: Շատ լավ կլիներ, որ մենք մտածեինք, որ ինքը վերլուծում է: Ես, օրինակ, ավելի վատ բաներ եմ մտածում, չի՛ վերլուծում, ինֆորմացիա է ստանում»:

Երբ հիշեցրինք, որ 44-օրյա պատերազմից առաջ ՔՊ որոշ պատգամավորներ, այդ թվում՝ Մակունցը, Մարիա Կարապետյանը վստահեցնում էին, որ Թուրքիան չի մասնակցի պատերազմին, չի խառնվի, բայց տեսանք ինչ եղավ՝ Քրիստինե Պողոսյանն ասաց. «Ես նման բաներ չեմ հիշում, որ որեւէ պատգամավոր ասել է: Ես չեմ տեսել, բայց կարելի է հիմա իրենց հարցնել՝ դուք այսպես էիք ասում, բայց այսպես եղավ, ինչո՞ւ այդպես եղավ: Ես չեմ ասել նման բան»:

Հարցին՝ հիմա դուք չե՞ք սպասում, որ ապրիլ-մայիսին կլինի հարձակում, որովհետեւ դա հարմար պահ է՝ հարձակման համար՝ Պողոսյանը պատասխանեց. «Ես բոլորից ամեն ինչ սպասում եմ, դրա համար որպես պատգամավոր եւ որպես մարդ, ով որեւէ պատասխանատվություն է իր ուսերին կրում, ես փորձում եմ անել այնպես, որ դա մինիմալի հասցվի: Ես բնականաբար, Մարսից չեմ եկել Հայաստան, որ ասեմ՝ վա՜յ, չէ, վարդագույն ակնոցներով չեմ, բոլորից ամեն ինչ էլ սպասում եմ: Դրա համար փորձում ենք ամեն ինչ անել, որ այդպես չլինի: Իհարկե, բոլորից սպասում ենք ամեն ինչ, մենք տեսել ենք, որ ե՛ւ ընկերներից, ե՛ւ թշնամիներից ամեն ինչ հնարավոր է սպասել: Դրա համար պետք է պատրաստ լինել, աշխատել բոլոր ուղղություններով, որ հնարավոր բոլոր վնասները հասցվեն նվազագույնի»:

Հարցին՝ առաջարկ կա նաեւ, որ սահմանամերձ բնակավայրերը ռազմական գոտիներ հայտարարեն ու կրակել սովորեցնեն 16-ից 60 տարեկաններին, ի՞նչ կարծիք ունեք այդ առաջարկի մասին՝ Քրիստին Պողոսյանը պատասխանեց. «Մենք արդեն երկար տարի՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ, Հայաստանն ունի կանոնավոր բանակ: Ես կողմնակից եմ, որ Հայաստանը զարգացնի կանոնավոր բանակը եւ այդ բոլոր ծրագրերն անեն պետական մարմինները՝ ՊՆ-ն: Ե՛վ նախապատրաստում, ե՛ւ կրակել, ամեն ինչ էլ պետք է, բայց դա պետք է անեն պետական մարմինները, որովհետեւ Հայաստանը վաղուց ունի կանոնավոր բանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031