Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության ներկայացուցիչը արձանագրեց, որ իրականում բարդ վիճակում ենք, արագ լուծումներ չեն կարող գտնել». Տիգրան Աբրահամյանը՝ փակ նիստի մասին

Մարտ 22,2022 18:40

Այսօր Արցախի հումանիտար իրավիճակի մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորները որեւէ մեկնաբանություն չէին տալիս: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ Հայկ Կոնջորյանը հիմնավորումը ձեւակերպեց, թե ինչու են մերժում ընդդիմությանը, ավելացնելու բան չունի:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իրենք ուզում էին նախ հասկանալ, թե ինչ են բանակցում առհասարակ գազատարի շուրջ, որովհետեւ կան վարկածներ, որ ադրբեջանական կողմն այդ ահաբեկչական մեթոդով փորձում է ճնշել ու նոր զիջումներ ստանալ Հայաստանից կամ Արցախից. «Երկրորդ խնդիրն էր հասկանալ, թե հնարավոր այլ ճգնաժամերի պարագայում, իսկ դրա հավանականությունը շատ մեծ է, քննարկվե՞լ են արդյոք այն բոլոր խոցելի ուղղությունները, որը կարող է Ադրբեջանն օգտագործել ու նոր ճգնաժամ հրահրել, որի մասին հրապարակային չեմ խոսի: Կարեւոր էր հասկանալ՝ կառավարությունը ունի՞ գործիքակազմ, կատարե՞լ է, ռիսկերի հաշվարկ, որ կարողանա հետագայում կառավարել: Բանակցային գործընթացի հետ կապված որոշակի տեղեկատվություն փոխանցվեց, որը ամբողջական շատ դժվար է համարել, ամբողջական ինֆորմացիա չեն տալիս տեղի ունեցածի կամ տարվող բանակցությունների հետ կապված: Ամենամեծ խնդիրն այն է, որ իշխանությունը չունի գործողությունների, միջոցառումների ցանկ, որ այս կամ այն ճգնաժամի դեպքում Արցախի բնակչությանն ուղղվող սպառնալիքները չեզոքացնի»:

Հարցին՝ Արցախում գազամատակարարման հետ կապված այլընտրանքային ի՞նչ մեխանիզմներ կան, հստակեցումներ եղա՞ն՝ նա պատասխանեց. «Կառավարության ներկայացուցիչը արձանագրեց, որ իրականում բարդ վիճակում ենք, արագ լուծումներ չեն կարող գտնել, բայց գլխավոր խնդիրն այն է, որ նույնիսկ միջնաժամկետ կամ երկարաժամկետ ժամանակահատվածի համար որեւէ լուրջ միջոցառման մասին տեղեկություն չի փոխանցել: Բարդ է Արցախում իրավիճակը լուծումների առումով ու միեւնույն ժամանակ խնդրահարույց է: Կառավարությունը իր համար անհրաժեշտ արձանագրումներ չի արել ու այդ խնդիրների թեթեւացմանն ուղղված որեւէ լուրջ քայլ այս պահին չունի»:

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ կառավարության ներկայացուցիչները վստահեցրել են, որ ոչ միայն ռուսական կողմի հետ, այլեւ այլ ուղղություններով աշխատում են, իրավիճակը փոխանցում են, ակնկալում են ճնշումներ Ադրբեջանի վրա՝ կանխելու նրա այն գործողությունները, որոնք այսօր տեսանելի են. «Ունենք երկու իրավիճակ՝ բանեցնել դիվանագիտական ողջ ներուժը՝ հասնելու Ադրբեջանին ճնշմանը, բայց ցանկացած կառավարություն պետք է ստեղծված իրավիճակում ունենա ռիսկերի կառավարման վերլուծություն, հասկանա, թե ինչպես պետք է գործի այս իրավիճակում, որ Արցախում ապրող մեր հայրենակիցների համար լինի հնարավորինս հաղթահարելի»:

Հարցին՝ ստեղծված իրավիճակը Արցախում ընդդեմ Արցախի՞ է, թե՞ ռուս խաղաղապահների՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ մի քանի հանգամանք կա: Նախ, Արցախի դեմ է, ուզում են հասնել Արցախի հայաթափմանը, երկրորդ հանգամանքը Ադրբեջան-Հայաստան հարթությունում տարվող գործընթացի հետ է կապված՝ Ադրբեջանն ուզում է բանեցնել ճնշումների ողջ զինանոցը՝ նոր զիջումներ պարտադրելու, նաեւ կա երրորդ ուղղությունը՝ Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանը փորձում է ՌԴ-ի համար ճակատ բացել ու ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ՌԴ-ի համար նոր խնդիրներ հարուցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031