ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագրի» համար պատմական ակնարկ արեց՝ ցույց տալով, թե առաջին պատերազմի տարիներին ինչպես են գործել իշխանությունը, ընդդիմությունը, գերագույն խորհուրդը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան նշեց․ «Ձեր տոնը լավագույնը չէ։ Ճահիճ բառն օգտագործվեց։ Անընդունելի է մեծ տարիք ունեցող Աղվան Վարդանյանի բառապաշարը։ Մի բան մոռացաք ասեք՝ այդ թվերին ո՞վ էր Երեւանում միտինգներ անում։ Մի ուժ կար, որը տարօրինակ կերպով բոլոր պատերազմների ժամանակ Երեւանում միտինգ է անում՝ ՀՅԴ-ն է։ Իսկ Վազգեն Մանուկյանը վերջին պատերազմի ընթացքում խոստովանել է, որ զանգել է զինվորականներին ու ասել, որ իրենց անելիքը Երեւանում է»։ Ապա Ռուբինյանը Սիմոն Վրացյանից որոշ տողեր մեջբերեց ՀՅԴ-ի համար։
ԱԺ մյուս փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը նկատեց․ «Սիմոն Վրացյանը ՀՀ-ի մասին մի մեծ հատոր ունի»։ Ռուբինյանը շարունակում էր մեջբերել՝ անցնելով խոսելու համար նախատեսված ժամանակը։ Ընդդիմության շարքերից ծափեր ու ծիծաղ լսվեց։ «Շնորհակալ եմ»-,ասաց Ռուբինյանը։ Իշխան Սաղաթելյանը նկատեց՝ պատմությունից կտրված դեպքերով պետք չի փորձ անել համեմատվել այն պետական գործիչների հետ, որոնք զրոյից պետություն են ստեղծել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ