Այսօր Արցախի հումանիտար իրավիճակի մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Ոչ մի բան քննարկումը չտվեց: Տվեց նույն այն կարծիքը, որ շատ հարցերում իշխանությունն ուղղակի կրավորական կեցվածք է պահում ու շատ հարցերում ուղղակի գործնական աշխատանքներ չեն իրականացնում: Հանրագումարը հայտարարության նախագիծն էր, որը շրջանառության մեջ դրված էր, չկար որեւէ կետ, որ վիճահարույց լիներ, բայց քաղաքական մեծամասնությունը համարեց, որ հիմա երեւի Ադրբեջանին ու Թուրքիային չպետք է զայրացնել, իրենց երազած խաղաղության դարաշրջանը այդ կրավորական կեցվածքով հնարավոր է կառուցել: Բայց կյանքը ցույց է տալիս, որ մարդը, ով պայքարի պատրաստ չէ, միշտ զիջումների է գնում, ինչպես հիմա է տեղի ունենում»:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ փակ նիստին հիմնականում հանրությանը հայտնի տեղեկություններ են հայտնել, բացառությամբ մեկ-երկու փոքր դրվագի: Ավելին՝ երեկ Արարատ Միրզոյանի հետ հարցուպատասխանի կրկնությունն է եղել, պարզապես՝ փակ նիստում: Բանակցային գործընթացի մասին որեւէ տեղեկություն չեն հայտնել:
Հարցին՝ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցի՞ք Արցախում գազամատակարարման հետ կապված՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Հետաքրքրվեցինք բավականին, բայց անձնապես ես սարսափելի հիասթափված եմ, որովհետեւ չեմ կարող պատկերացնել ՀՀ-ի կողմից փոխվարչապետ, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում կոմունիկացիաների բացման եւ այլն ու ամբողջական իրավիճակին չի տիրապետում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ