Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը նպատակ չունեն հասնել խաղաղության». Արման Աբովյան

Մարտ 22,2022 18:08

Ուկրաինական ճգնաժամի շրջանակներում, Հարավային Կովկասում պատերազմի հավանականությունը, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը մեծ է գնահատում: Այսօր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած՝ «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում եւ սպառնում Հայաստանին» թեմայով քննարկման ժամանակ ընդդիմադիր գործիչն ասաց, որ սխալ է դիտարկել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում՝ լոկ ռուս-ուկրաինական հարաբերությունների ներքո. «Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ ուկրաինական ճգնաժամն ազդարարեց նոր աշխարհաքաղաքական սահմանագծերի գծման գործընթացը»:

Ուկրաինայում, իսկ մինչ այդ՝ Սիրիայում, Լիբիայում, Հյուսիսային Իրաքում տեղի ունեցած գործընթացների համատեքստում, Արման Աբովյանը հայտարարում է՝ պետք է հասկանալ մեկ բան՝ այլեւս գոյություն չունի միջազգային անվտանգային համակարգ. «44-օրյա պատերազմը շատ պարզ ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը ցանկացած հանցագործություն անում են, բայց այդ հանցագործությունը ոչ պատշաճ արձագանք է ստանում՝ սկսած խաղաղ բնակիչների գնդակահարումներից, քաղաքների ռմբակոծությունից, արգելված զենք-զինամթերք կիրառելուց ու վերջացրած բոլոր գործընթացներով: Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին մեզ պետք է ազդակ լինեն, որովհետեւ 44-օրյա պատերազմը, չգիտես՝ ինչու, դաս չեղավ հայ հասարակության համար առ այն, որ ինչ փաստաթուղթ ուզում ես՝ ստորագրի, ՄԱԿ-ում բաներ խոսի կամ ԵԽ նիստի ժամանակ լացակումած ճառեր ասա՝ դա իրականության հետ կապ չունի: Եվ այսօր գծվում են նոր աշխարհաքաղաքական սահմաններ, գրվում են նոր անվտանգային համակարգի ձեւավորման այդ բոլոր դրույթները, թե ինչպես է ապրելու երկրագունդը, եւ եթե ինչ-որ մեկին թվում է, որ Հայաստանը կարող է զերծ մնալ այս գործընթացներից, ինքը չարաչար սխալվում է, որովհետեւ այդ պայմանական սահմանագծերն անցնելու են նաեւ Հայաստանի տարածքով, ավելի ճիշտ՝ Հարավային Կովկասով, եթե կցանկանաք՝ Անդրկովկասով, ու մեզնից է կախված, թե դրանք ինչպե՞ս են անցնելու»:

Վտանգներից մյուսն էլ ընդդիմադիր գործիչը համարում է պարենային անվտանգությունը եւ վկայակոչում է ՄԱԿ-ի պարենային անվտանգության գծով հանձնաժողովի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է աշխարհում պարենը երկու անգամ թանկանա:

«Վտանգները Հայաստանի հանրապետության, Արցախի համար ավելացել են: Ստիպված եմ վերադառնալ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի շինծու գաղափարին, որը գցվում է հայկական տեղեկատվական դաշտ. խաղաղությունը կամ թելադրվում է, կամ ձեռք է բերվում, երբ հիմնական խաղացողները, ում հետ կոնֆլիկտ ունես, խաղաղության ջատագով են: Ես չգիտեմ՝ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ ի՞նչ պետք է անեն, որ հայ հասարակությունը հասկանա շատ պարզ ճշմարտություն՝ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը նպատակ չունեն հասնել խաղաղության, շատ պարզ պատճառով՝ գեոստրատեգիկ առումով իրենց զարգացման, անվտանգային տեսլականն իսպառ բացառում է հայկական գործոնի ներկայությունը Հարավային Կովկասում»: Այս առումով նա վկայակոչում է նաեւ Քեմալ Աթաթուրքի պատկերացումները հայերի մասին, որոնք թուրքական պետության հայեցակարգի հիմքում են դրված: Իր գնահատմամբ, Արցախը այդ գործընթացի սկիզբն է, որի շարունակությունը ենթադրում է ՀՀ-ի փուլային մասնատում եւ հայկական գործոնի դուրս մղումը. «Խաղաղության դարաշրջանն արդեն բերել է պատերազմի. Երեւանից 50 կմ հեռու, Երասխում, զոհվում են մեր եղբայրները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031