Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՀ նախարար․«Անհրաժեշտ է, որ ԵԱՏՄ երկրներն իրենց արժույթներին տան միջազգային արժույթների դեր․ արտահանումն իրականացնեն ազգային արժույթով»

Մարտ 22,2022 18:00

Ակնհայտ է, որ ԵՄ-ն տեխնիկապես չի կարող հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Այս մասին այսօր «Սպուտնիկ- Արմենիա»-ի մամուլի կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազեւը՝ պատասխանելով հարցին՝ ԵՄ-ն ծրագրում է խստացնել պատժամիջոցները ՝ փակելով նավահանգիստները ռուսական նավերի համար, Ռուսաստանի դեմ նավթի հնարավոր էմբարգոն ինչպիսի ազդեցություն կունենա։

«Մենք հնարավորություններ ունենք ավելացնելու մեր վառելիքի արտահանումը Չինաստան եւ Հնդկաստան, հիմնականում հարավարևելյան Ասիա, որն ապահովում է համաշխարհային տնտեսության աճի մեծ մասը։ Մենք գիտենք՝ ինչպես օգտագործել մեր էներգետիկ ռեսուրսները։ Իհարկե, այս պայմաններում առաջնահերթությունը՝ հումք արտահանելիս, պետք է լինի մեր հումքերի վերամշակումն ու պատրաստի արտադրանքի վաճառքը, եւ վերջապես մեր տնտեսության որակական փոփոխությունը»։

ԵՏՀ նախարարի ներկայացմամբ՝ պետք է մեծ գումարներ ներդնել նավթի եւ գազաքիմիական արտադրությունում, հում նավթի եւ գազի արտահանումից անցում կատարել դրանց վերամշակմանը․ «Դա հնարավորություն կտա անգամներով ավելացնել արտադրությունը, այդ թվում՝ ներմուծման փոխարինման շրջանակներում, քանի որ նավթագազային քիմիական արտադրության ապրանքների մեծ մասը մենք ներկրում ենք ԵՄ-ից։ Այնպես որ, եվրոպական երկրներն այսօր եզակի եւ բարենպաստ հնարավորություններ են ստեղծել մեզ համար՝ ավելացնելու ներքին արտադրությունը, եւ որքան շատ վերամշակենք, այնքան արագ կլինի մեր տնտեսության աճի տեմպն ու բնակչության բարեկեցությունը»։

Սերգեյ Գլազեւի կարծիքով՝ էներգետիկ հարցերի քաղաքականացումը, որն Արեւմուտքում նոր չէ սկսվել, ցանկալի արդյունք չի տվել:

«Ես վստահ եմ, որ Եվրոպան տեսանելի ապագայում չի կարող հրաժարվել մեր էներգակիրների ներմուծումից։ Ես անձամբ համոզված եմ, որ մեր էներգառեսուրսներն արտահանելիս պետք է անցնել ազգային արժույթին, այլ կերպ ասած՝ ռուսական գազն ու նավթն արտահանել ռուբլով, եւ նրանք ինքները կգան ռուբլու հետեւից, որպեսզի արտահանեն այս ապրանքները»,-ասաց Գլազեւը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ ԵԱՏՄ երկրներն իրենց արժույթներին տան միջազգային արժույթների դեր, եւ ինչպես իրեն հարգող երկիր, արտահանումն իրականացնեն ազգային արժույթով, այլ ոչ թե ուրիշի․ «Հեռացնելով պատժամիջոցները՝ մենք կամրապնդենք մեր մակրոտնտեսական կայունությունը եւ կպաշտպանվենք։ Եթե ​​մենք էներգառեսուրսներ արտահանեինք մեր արժույթներով, ապա ոչ մի պատժամիջոց տեսականորեն չէին էլ կարող ազդել մեզ վրա, նրանք չեն կարող արգելել առեւտուր անել սեփական արժույթով»։

Գլազեւի կարծիքով՝ այդ պատժամիջոցներն իրականում թուլացնում են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, նրանք զրկվում են աշխարհում իրենց գլխավոր առավելությունից՝ իրենց արտարժույթով առեւտրի մենաշնորհից, գնագոյացման մենաշնորհից․«Այնպես որ, պետք է փոփոխել մեր սեփական ներքին մեխանիզմներով, իսկ մեր գազն ու նավթը ոչ մի տեղ չի կորի»։

Նախարարն ասաց՝ եթե ​​ԵՄ-ն դեռ հրաժարվի կամ նվազեցնի ռուսական նավթի սպառումը, ապա ավելի շատ նավթ կմնա երկրի ներսում, եւ նավթային կորպորացիաները կշրջվեն դեպի ներքին շուկա․«Դա կբերի էներգակիրների գների նվազմանը: Հետեւաբար, հարաբերություններն այստեղ հակադարձ են՝ որքան վատ են մեր արտադրանքի արտահանման պայմանները, այնքան լավ պայմաններ կլինեն մեր սպառողի համար Ռուսաստանում եւ ԵԱՏՄ-ում ամբողջությամբ։ Ես համոզված եմ Եվրասիական տարածաշրջանում պետք է կառուցել երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա գործող շուկա, որոնք պետական երաշխիքներով կհաստատվեն, սեփական ազգային արժույթների հիման վրա, բայց դրա համար պետք է ապահովել գների կայունություն, ազգային արժույթների կայունություն։ Սա կարելի է անել, եթե հաշվի առնենք, որ մեր առեւտրային հաշվեկշիռը դրական է եւ դա նշանակում է, որ մենք տեսականորեն կարող ենք մեր արժույթների փոխարժեքի կայունությունն ապահովել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031