«Այսօր հերթական սուտը մատուցվեց ԱԺ ամբիոնից, իբրեւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր Մեղրին փոխանակել Արցախի դիմաց։ Քանիցս ասվել է, որ նման բան չի եղել, բայց հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ավանդույթի կողմնակիցները շարունակում են նույն գործելաոճը՝ հույսով, որ մի քանի միամիտ քաղաքացի իրենց կհավատա»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին, որում նա Ռոբերտ Քոչարյանին մեղադրել էր Մեղրին փոխանակելու ցանկության մեջ եւ ընդդիմադիրներին անվանել «բայրաքթարների ամբասադորներ»՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նշեց․ «Նման անպատասխանատու հայտարարություն անողը գնաց ավելի հեռու՝ մտածելով, որ իր համաքաղաքացու մոտ իր վարկանիշը բարձրացնելու համար լավ կլինի վիրավորել՝ ընդդիմադիրներին անվանելով «թուրքական բայրաքթարների դեսպաններ»։ Նա շատ լավ գիտի, թե ովքեր են նստած այստեղ, գիտի բոլորիս կենսագրությունը եւ որոշեց, որ նայելով մեր կողմը՝ կարող է ասել, որ, օրինակ, Աբգարի հայրը «բայրաքթարի դեսպան» է։ Ու նման արտահայտությունից հետո նա նորից մտնելու է ԱԺ ու հայ ժողովրդին կամ մեզ բարոյականության դասեր տալու։ ՔՊ-ին հուսահատ կոչ եմ անում որոշակի դաստիարակչական աշխատանք անել, ասել, թե ինչն է կարելի ասել, ինչը ոչ։ Կարող եք քննադատել, անցյալը փորփրել, բայց ոչ վիրավորել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ