Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցին այսօր ունի հոգատարության կարիք». Թեւան Պողոսյան

Մարտ 22,2022 17:34

«Երբ ասում ենք՝ խաղաղության օրակարգ, այդ խաղաղությունը ձեւակերպվա՞ծ է»,- Այլընտրանքային նախագծեր խմբի այսօր կազմակերպած՝ «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում եւ սպառնում Հայաստանին» թեմայով քննարկման ժամանակ հարց հնչեցրեց ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ հիշեցնելով ՀՀ նույն իշխանությունների ոչ վաղ անցյալում արվող հայտարարություններն այն մասին, որ խաղաղությունն այնպիսինը պետք է լինի, որ երեք ժողովուրդներին բավարարի:

«Երեք ժողովուրդներին հարցրե՞լ եք, որ խաղաղություն եք ասում՝ ի՞նչ եք հասկանում, որովհետեւ Հայաստանի ժողովրդի համար խաղաղությունը կարող է այլ բան լինել, Արցախի ժողովրդի համար՝ այլ, Ադրբեջանի համար, հասկանալի է, որ այլ է»: Այս առիթով նա հիշեցնում է իր ղեկավարած կազմակերպության՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, դեռ 2007-2008 թվականներին իրականացրած հետազոտությունը եւ վերլուծությունը, որ միասնական ընկալում չկա անգամ որեւէ բառի մասով:

Խոսելով բանակցային գործընթացից էլ, Թեւան Պողոսյանը կրկին իշխանությանը հարց է տալիս՝ ի՞նչ եք առաջարկելու բանակցություններին: Եթե գործող իշխանությունը կամ որեւէ համահայկական նախաձեռնություն կհայտարարի, որ ինքը բանակցությունների է գնում առաջարկելով՝ Արցախը մինչեւ 2030 թվականը 200 հազար բնակչությամբ, Թեւան Պողոսյանը կների նրա բոլոր նախկին մեղքերը, քանի որ նման հիմք ունենալով, հետագայում շահեկանորեն ենք ներկայանալու: Իսկ եթե այսօրինակ նախաձեռնություններ չկան, իր համոզմամբ, ինչ զինատեսակ էլ ձեռք բերենք, հետագայում այն առոչինչ է լինելու. «Իսկանդերի» օրինակը վկա:

Նկատելով, որ արցախցիները ցանկանում են մնալ Արցախում, պահպանել Արցախը եւ քաղաքական գործիչներին հորդորում է զգույշ լինել Արցախը վաճառելու մասին իրենց հայտարարություններում, գոնե ստորակետ դնել եւ շարունակել, որ կան ուժեր, որոնք դա թույլ չեն տալու:

Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում՝ գազատարի պայթեցում եւ այլն, Թեւան Պողոսյանը համարում է ծրագրավորված քաղաքականություն, որը Ադրբեջանը վարում է Հայաստանի եւ ՌԴ-ի դեմ, քանզի իրենց համար Արցախ չկա: Եվ այս առումով, ուշագրավ է համարում ՀՀ իշխանությունների վերաբերմունքը խնդրի նկատմամբ:

«Արցախցին այսօր ունի հոգատարության կարիքը: Ինչպիսի զրոյական էմպատիա ես ունեմ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հանդեպ, կամ ցանկացած կոնֆլիկտի հանդեպ, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի բնակչությունը ունի նույնպիսի էմպատիա արցախցիների հանդեպ. զրո հոգատարություն, զրո մտահոգություն, զրո ամեն ինչ՝ պետական ինստիտուտներից սկսած»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը՝ հավելելով, որ եղանակային պայմաններով պայմանավորված այժմ դեպի Արցախ ճանապարհները փակ են, բայց անգամ այն, թե մենք ինչպե՞ս ենք վերաբերվում այդ խնդրին, ևս ցուցիչ է ու լրացուցիչ մտահոգություն, որ նույն կերպ վերաբերվում ենք նաեւ Սյունիքի փակ ճանապարհներին: Նա օրերս է վերադարձել Արցախից եւ Ստեփանակերտից Երեւան ճանապարհն անցել է 48 ժամում:

Թեւան Պողոսյանն անդրադարձավ երեկ ՀՀ ԱԺ-ում կազմակերպված լսումներին, որոնց մասնակցում էին նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորները: Քաղաքական գործչին վրդովվեցրել է այն, որ փոխարեն մենք հիմնական օրակարգ դարձնեինք այդ լսումներին հենց ԱՀ խորհրդարանականների մասնակցությունը եւ այդպիսով ազգային օրակարգ ձեւավորեինք, այլ սկսեցինք խոսել այն մասին, որ դրանք երբեւէ կազմակերպված լսումներից ամենավատն էին:

Նա նկատում է նաեւ, որ առկա բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհներ Հայաստանն, ըստ էության, չի փնտրում, խնդիրներ չեն դրվում, լուծումներ չեն առաջարկվում: Ինքն առաջարկում է հենակետ ընդունել՝ Արցախը մինչեւ 2030 թվականը 200 հազար բնակչությամբ թեզը, քանի որ արդիական են Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի խոսքերը. «Եթե կորցրեցինք Արցախը, շրջելու ենք հայոց պատմության վերջին էջը»:

Նա ցավով է նշում, որ ՌԴ-ի եւ Ուկրաինայի համար ցույցերն ավելի մարդաշատ են, քան միջազգային դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ Արցախում հումանիտար ճգնաժամի համար կամ ներքաղաքական պայքարի համար անցկացվող ցույցերը: Իր տպավորությամբ, նաեւ, ՀՀ պետական ինստիտուտները ՀՀ-ի կամ հայ ազգի շահերի հետ կապ չունեն եւ գտնում է, որ ինչ-որ բանակցությունների եթե գնում են, ինքնակամ չեն գնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031