Լրահոս
Օրվա լրահոսը

Ով խախտեց, վատ է վերջացնելու. Աղվան Վարդանյանի հայտարարությունը 

Մարտ 22,2022 17:22

Աղվան Վարդանյանի հայտարարությունը 2022թ. մարտի 22-ի Ազգային ժողովի նիստում

1992 թվական։ Ամառ։ Շուշիի ազատագրումից, Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին միացնելուց հետո Ադրբեջանը անցել էր հարձակման։ Խորհրդային օմոնի օգնությամբ։ Գրավել էին Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը։ Հազարավոր փախստականներ էին ճանապարհներին։ Ծանրագույն վիճակ։

Բնականաբար լարվածություն էր Երեւանում։ Ընդդիմությունը պահանջում էր համարժեք իշխանություն, համարժեք գործողություններ։ Գերագույն խորհուրդը եռում էր։ Անընդմեջ քննարկումներ էին։ Անհանգիստ էին բոլորը. ՀՀՇ-ն, Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, կոմունիստները, ռամկավարները։

35-40 պատգամավորներ Արցախում էին։ Այս Ազգային ժողովի մեռելային վիճակը չկար։ Ձախ կողմի այս ճահիճը չկար։

Եվ ի՞նչ տեղի ունեցավ։

1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը, ընդառաջելով ընդդիմության պահանջին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը։

Այդ որոշման մեջ արձանագրված է. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգային ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ՝ դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ  նրա բնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը… Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած  փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Սա բոլոր ուժերի համախմբում էր մեկ նպատակի շուրջ։

Հետո՝ 1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հուսահատ- վճռական պոռթկումն էր, 500 մահապարտների կոչը։ Հետո ստեղծվեց Արցախի պետական պաշտպանության կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Հետո, 1992-ի սեպտեմբերին, ընդդիմության առաջնորդներից Վազգեն Մանուկյանը նշանակվեց  ՀՀ անվտանգության գծով պետնախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար։

Հետո՝ գիտեք.  հաղթանակներ, ազատագրումների շարք։ Ամենածանր իրավիճակում համախմբումը արդյունք տվեց։

Հիմա համեմատեք այս իշխանության պահվածքը  վերջին պատերազմի ժամանակ եւ հետո։ Հիմա համեմատեք այսօրվա խաղաղություն մուրալու գործելաոճը։

Եւ վերջապես հիշեք, ականջներիդ օղ արեք՝ Գերագույն խորհրդի այդ որոշումը ուժի մեջ է։ Ուժի մեջ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների  վերաբերյալ  ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունվարյան որոշումը։

Ով խախտեց դրանք՝ վատ է վերջացնելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    ԵՎ ինչ, ձեր ասածով ստացվում է, որ Արցախի հարցը լուծեցիք այն ժամանակ․ Դե էլի համախմբվեք մեկ նպատակի շուրջ; ով էխանգարում, և էլի լուծեք, բայց ոչ նախորդի պես կիսատ պռատ․․․

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031