Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում ներկայացվում են հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նախորդ տարիներին հնչել են 170-ից ավելի պրեմիերաներ։ Այս տարի նույնպես փառատոնային համերգներին ունկնդիրը հնարավորություն կունենա վայելելու նոր ստեղծագործություններ։
Մարտի 23-ին փառատոնի բացման համերգին տեղի կունենա կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի «Հայկական սիմֆոնիկ պարեր» ստեղծագործության պրեմիերան։
Հեղինակը «Հայկական սիմֆոնիկ պարերը» նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ես հաճախ եմ համագործակցում։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գաղափարն էր ստեղծել սիմֆոնիկ ստեղծագործություն՝ հիմնված հայկական պարերի վրա` Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարերի» օրինակով»,- ասում է Մարտին Ուլիխանյանը՝ ընդգծելով, որ այս ստեղծագործությունը ոչ թե ուղղակի հայկական պարերի մշակումներ է, այլ պարերի մեղեդիների միջոցով ստեղծված մի գործ՝ սիմֆոնիկ ֆորմայի մեջ։ Այն ամբողջությամբ հիմնված է հայկական պարերի ռիթմերի վրա։
Կարդացեք նաև
«Հայկական սիմֆոնիկ պարերը» Մարտին Ուլիխանյանը սկսել է գրել 2019 թվականից եւ ավարտին է հասցրել վերջերս։ Այն բաղկացած է վեց մասից, եւ յուրաքանչյուրն ունի իր առանձին խորհուրդը։ Առաջին մասը կոչվում է «Պարի ծնունդը», երկրորդը՝ «Շորոր», երրորդ մասն անվանված է «Յարխուշտա», այնուհետեւ՝ «Բերդ», հինգերորդ մասը կոչվում է «Լալիք», եւ վեցերորդը՝ «Քոչարի»։
Հեղինակը նկատում է, որ ստեղծագործությունը գրելու ընթացքում մենք ապրեցինք 2020 թվականի պատերազմը, ինչը «Հայկական սիմֆոնիկ պարերը» դարձրեց ծրագրային բնույթի։ Ռազմական տարրեր պարունակող «Բերդ» պարից հետո կոմպոզիտորը գրեց «Լալիքը», որը երաժշտության հնչյուններով արտահայտում է այն ցավը, կորուստներն ու ապրումները, որ մենք ունեցանք 44-օրյա պատերազմում։ Ստեղծագործությունն ավարտվում է «Քոչարիով», որն ավետում է մեր ժողովրդի վերածնունդը, պայքարն ու լուսավոր ապագան։
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Այն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Այս տարի փառատոնը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համագործակցությամբ։ Մարտի 23-30-ն անցկացվելիք փառատոնի ընթացքում կհրավիրվի երեք սիմֆոնիկ համերգ, որոնց ընթացքում կհնչեն Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Օհան Դուրյանի, Մարտին Վարդազարյանի, Նուբար Ասլանյանի, Վարդան Աճեմյանի, Մարտին Ուլիխանյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները։ Փառատոնի շրջանակներում կնշվեն Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյակը, և այդ կապակցությամբ փառատոնի փակման համերգին կհնչեն այս կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք երկար տարիներ չեն հնչել մեծ բեմից։
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ