Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմ Ուկրաինայում՝ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների պարզաբանում

Մարտ 22,2022 17:00

Նախագահ Բայդենի մասնակցությամբ՝ մարտի 23-24-ին կայանալիք ՆԱՏՕ – ԵՄ գագաթնաժողովում քննարկման դրված գլխավոր հարցը լինելու է՝ ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար (1952-1957 թ․-ին) անգլիացի գեներալ Լորդ Հասթինգս Լայոնել Իսմայի կնիքը կրող «Ամերիկացիները ներսում,  ԽՍՀՄ-ը (այսօր՝ Ռուսաստանը)՝ դրսում, գերմանացիները՝ ներքեւ» եւրոպական անվտանգութեան դոկտրինի վերահաստատումը, և ոչ թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։

Վաշինգտոնը միայն այս կերպ կկարողանա անարգել ու արդյունավետ գործել Չինաստանի դեմ: Եթե ԽՍՀՄ-ը համարվում էր ԱՄՆ-ի դիմաց միայն ռազմական եւ գաղափարական հակառակորդ, այսօր Չինաստանը հանդիսանում է՝ տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական, գաղափարական, քաղաքական հակառակորդ, որին հաղթելու համար ԱՄՆ-ն ունի բազում խնդիրներ։

ՆԱՏՕ-ն, ինչպես ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գտնվում է «ուղեղային կոմայի մեջ», ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի ներկայությունը Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում պետք է ավելանա։

Այսինքն՝ ԱՄՆ-ը մնում է «ներսում», մինչդեռ Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը վերածվում է ՆԱՏՕ-ի հանդեպ եվրոպական երկրների պարտավորությունների կատարման (պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2%-ը) եւ ռազմական ուժերի ավելացման, ինչը ՆԱՏՕ-ի վերականգման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։

Ռուսաստանը «դուրս» է դրվում, քանի որ քանդվում է ԵՄ – Ռուսաստան ռազմավարական փոխկապակցման յուրաքանչյուր կամուրջ, մասնավորապես՝ Գերմանիա-Ռուսաստան մասով (Հյուսիսային հոսք II, քարածուխի, նավթի, ցորենի, գարու, եգիպտացորենի եւ այլն)։ Կանխատեսվում է, որ խզումը կլինի խորը եւ վերջնական՝ դատելով անձամբ Պուտինի դեմ Բայդենի հռետորաբանությունից: Սա աննախադեպ հռետորաբանություն է դիվանագիտական ասպարեզում, որն ունի երկարաժամկետ ուղղվածություն ու ազդեցություն:

Գերմանիան, որ լուրջ աշխարհատնտեսական հզորություն ունի և փորձում է այն վերածել քաղաքական հզորության, մնում է «ներքեւ»։ Գերմանիայի վերազինումը ներառում է ամերիկյան F-35 կործանիչների գնում, իսկ 100 միլիարդ եվրո արժողությամբ ծրագիրը մշակվում է ՆԱՏՕ-ի խիստ վերահսկողության ներքո, որպեսզի չկրկնվի 1930-ական թվականների իրավիճակը Գերմանիայում, երբ Եվրոպան զբաղված էր իր խնդիրներով, իսկ Գերմանիան զինվում էր: Ինչ վերաբերում է Ռուսաստանից նրա էներգետիկ կախվածությանը, ապա այն փոխարինվում է ամերիկյան ավելի թանկ թերթաքարային գազով, որի արդյունքում Գերմանիան սկսում է կառուցել LNG-ի՝ հեղուկ գազի փոխակերպման գործարաններ: Անշուշտ պետք է արձանագրել, որ այս բոլորի անմիջական հետեւանք՝ գերմանական տնտեսությունը առնվազն մի քանի տարով հետ է ընկնելու իր բնականոն ընթացքից:

Անդրադառնալով Եվրոպայում իրերի նոր կարգին՝ ասենք, որ Ուկրաինայի գործերը կարգավորվելու են տեղում՝ առանց ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության։ Տրամադրվելու է բազմատեսակ սպառազինություն, ձեւավորվելու են օտարերկրյա լեգեոններ, ամեն դեպքում մարդասիրական օգնություն կփոխանցվի: Եթե ուկրաինացիները երկար դիմանան, «սառեցված հակամարտության» պայմաններ կարող են զարգանալ, իսկ չդիմանալու պարագայում՝ ամենահավանական զարգացումը կլինի երկրի մասնատումը։ Հնարավոր է նաեւ, որ Ուկրաինայի ազատ հատվածը՝ Ավստրիայի օրինակով, ռազմական չեզոքության պայմաններով՝ ԵՄ ընդունվի:

Ակնհայտ է, որ Եվրոպայի փոխգործակցության քաղաքականությունը հետաձգվում է անորոշ ժամանակով, մինչդեռ նրան կոչ են անում վճարել հաշիվը եւ ամբողջությամբ վերադասավորել իր էներգիայի և հացահատիկի աղբյուրներն ու շուկաները։

Իհարկե, սրանք բոլորը Վաշինգտոնի ծրագրերն են։ Դրանից այն կողմ սակայն, կան նաեւ պատմության անվերահսկելի գործոններ, որոնք տվյալ պայմաններում լիովին ակտիվանում են:

Գերմանիան, որը միշտ գործում է երկարատեւ ծրագրով, ակնհայտորեն օգտվելու է իր վերազինումից, այն դարձնելով իր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական «վերադարձի» կարեւոր բաղադրիչը:

Թե ինչպես կարձագանքի Շարլ դը Գոլով մշտապես ոգեշնչված Ֆրանսիան, այլ հարց է։ Մակրոնը, ով կարծես թե վերընտրվելու խնդիր չունի, իրեն հարմարավետ է զգում եւ փոքր ու հաստատ քայլեր կձեռնարկի եվրոպական իր տեսլականի իրականացման ուղղությամբ։ Ֆրանսիան կարող է Գերմանիայի աջակցութեամբ ձգտել ՆԱՏՕ-ի «եվրոպականացմանը»։

Մեկ այլ կարեւոր խնդիր է սոցիալական գործոնը Եվրոպայում, որը տնտեսապես ճնշվել է հաջորդական ճգնաժամերի պատճառով (2008-2012 ֆինանսական ճգնաժամ, եվրոյի ճգնաժամ, համաճարակային ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ եւ այժմ Ուկրաինա): Հատկապես բարձր է սոցիալական էնտրոպիան, միջին խավերը քայքայված են եւ ելքի որոնման փուլում են, սոցիալական ցածր շերտերի լուսանցքայնացումը ավելի ցայտուն է դառնում անհավասարությունների խորացման ֆոնին, իսկ գնաճը ստեղծում է սոցիալական անհնազանդության պայմաններ։

Ավելի լայն աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական դաշտում ամեն ինչ մնում է չափազանց փխրուն, հատկապես Չինաստան-Ռուսաստան հարաբերություններում՝ Միացյալ Նահանգները փորձում է տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով առաջինինը հեռու պահել երկրորդից: Թե ինչ կանի Հնդկաստանը, նույնպես հետաքրքիր հարց է, նաեւ անորոշ են Սաուդիան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դերերը՝ որոնք բացահայտ ցույց տվեցին ԱՄՆ-ի նկրտումների հետ համակերպվելու իրենց դժկամությունը:

«Մոնրոյի դոկտրինը»

Միացյալ Նահանգները վերջին երկու դարերում եղել եւ շարունակում է մնալ միջազգային հարաբերություններում «Մոնրոյի դոկտրին»-ի անշեղ կիրառողը (1823 թ.)։ Այս դոկտրինի կիրառումը սկսվեց որպես ամերիկյան մայրցամաքի քաղաքական գործերին եվրոպական տերությունների ներգրավման կանխարգելիչ միջոց եւ վերաճեց ԱՄՆ միջամտութեան այնտեղ, որտեղ նրանց կենսական շահերը վտանգուած են, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից եւ հատկապես խորհրդային ճամբարի փլուզումից հետո այս դոկտրինը ընդունեց «ազատական հեգեմոնիայի» ձեւ։

«Ազատական հեգեմոնիայի» դոկտրինը, ինչպես սպառիչ կերպով վերլուծել է ամերիկացի քաղաքագետ պրոֆեսոր Ջոն Միրշայմերը, նպատակ ունի փոխակերպել աշխարհը Միացեալ Նահանգների պատկերով եւ նմանությամբ, այսինքն՝ պարտադրել լիբերալալիզմը՝ միաժամանակ երկրները ինտեգրելով միջազգային տնտեսությանը։

Ըստ այս հայեցակարգի, իրերի անդրազգային կարգը եւ լիբերալիզմը սահմանափակում է անհատական ու քաղաքական իրավունքների եւ հատկապես խաղաղության ոտնահարումը, քանի որ դեռևս դեմոկրատական պետությունների միջեւ պայքարի պատճառ չկա։

Ըստ Միրշայմերի՝ «լիբերալ հեգեմոնիայի» դոկտրինը «մեծ պատրանք է», եւ դա ապացուցելու համար ներկայացնում է հետպատերազմյան շրջանի բազմաթիվ պատմական իրադարձություններ՝ թե՛ հակամարտությունների, թե՛ տարբեր մշակույթով հատկանշվող երկրներում (Լիբիա եւ այլն) ժողովրդավարության պարտադրանքի ձեւով։ Այս քողի ներքո շատ վերլուծաբաններ վերջին զարգացումները բացատրում են որպես անգլո-սաքսոնական ծրագիր, որը սկսվել է Brexit-ով եւ շարունակվել AUKUS դաշինքով (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ):

Հայաստանի ժողովրդական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031