«Կա մի մեծ մոլորություն, որ Հայաստանում, Հայաստանի իշխանությունների համար կա իջեցված խաղաղության օրակարգ, որովհետեւ այն, ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը եւ այն, ինչ ներդաշնակորեն ներկայացվում է ադրբեջանցիների կողմից, դրա մեջ շատ ավելի շատ սպառնալիք կա, ռիսկ կա եւ շատ ավելի շատ պատերազմ կա, քան խաղաղություն»,- Այլընտրանքային նախագծեր խմբի այսօր կազմակերպած «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում եւ սպառնում Հայաստանին» թեմայով քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՝ անդրադառնալով հայ-թուրքական հաշտեցման եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ՀՀ իշխանությունների օրակարգին:
Բանախոսի գնահատմամբ, իշխանությունը քաղաքական եւ քարոզչական հարթակներում, հանրային ընկալման մեջ փորձում է արմատավորել, իբրեւ կա խաղաղության օրակարգ եւ իբրեւ կան ուժեր, որոնք դեմ են խաղաղությանը: Մինչդեռ իրականում, ըստ նրա, իշխանության խոսույթը եւ քայլերը Հայաստանին ավելի շատ են մոտեցնում պատերազմին:
Խոսելով անելիքների մասին, որոնք կօգնեն երկրին եւ հասարակությանը դուրս բերել ստեղծված վիճակից, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ գործող իշխանության պարագայում նման քայլերը շատ չեն, քանի որ ինքը՝ իշխանությունը, ճիշտ հակառակ քայլերն է անում: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ իշխանությունը սկսեց խոսել, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի մասին, ՀՀ ինքնիշխան տարածքը երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել, մի մասն էլ՝ Վայոց Ձորի եւ Սյունիքի հատվածներում ադրբեջանական ներխուժման արդյունքում, բռնազավթվել է։
«Առաջիկայի գործընթացները ևս հուշում են, որ այսպես կոչված խաղաղության օրակարգը տապալվելու է եւ տապալվելու է, ոչ միայն այն պատճառով, որ մենք տեսել ենք, թե դրա հայտարարումից հետո ի՞նչ հետեւանքներ է այն առաջացրել ՀՀ-ի համար, այլ նաեւ նրա համար, որ նույնիսկ այս պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում զիջումների քաղաքականությանը կամ ադրբեջանական հավակնությունների տրամադրության մեջ մտնելուն, Ադրբեջանը պահանջում է ավելին եւ Ադրբեջանը անընդհատ պահանջելու է շատ ավելին: Նախ՝ Հայաստանը դա թույլ է տալիս, երկրորդ՝ Հայաստանը դրան դիմակայելու, հակազդելու որեւէ համակարգ չի ստեղծում։ Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում՝ էներգետիկ ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ, թե անվտանգային ճգնաժամ դա կանվանենք, ուղղակիորեն փոխկապակցված է Հայաստանի սահմանային իրավիճակի, բանակցային գործընթացի հետ։ Ցավով պետք է արձանագրեմ, դա նաեւ հուշում է, որ կա խորացման միտում եւ մենք գնում ենք ավելի վատ սցենարով, քան կանխատեսում էին փորձագետները 44-օրյա պատերազմից հետո»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Կարդացեք նաև
Բանախոսի կարծիքով, քանի դեռ Հայաստանի եւ Արցախի անվտանգության համակարգը չի բերվել համապատասխան վիճակի, անիմաստ է խոսել բանակցային գործընթացի մասին՝ կլինի Արցախի, ապաշրջափակման, հայ-թուրքական հարաբերությունների մասով, քանի որ այդ գործընթացից հաղթած դուրս գալու նույնիսկ տեսական հավանականություն տեսանելի չէ: Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, ՀՀ իշխանությունն այսօր օրակարգ չունի, փորձում է տեղավորվել Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջարկած օրակարգում։ Իսկ Արցախի հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների այցերի բացակայությունը նա համարեց Արցախի օտարմանը նպատակաուղղված քաղաքականություն, որպեսզի հետագայում Հայաստանում իրենց խնդիրները լուծելու համար դիմադրության հնարավորինս ցածր մակարդակ լինի։
Տիգրան Աբրահամյանը հավելեց, որ Արցախին լուրջ վտանգ է սպառնում, իսկ Հայաստանի իշխանությունը չի ձգտում վերացնել այն կամ գոնե նվազեցնել ռիսկերը. «Այս իրավիճակում պետք է հասկանալ, թե արդյոք կառավարությունն ունի՞ օրակարգ, ցանկություն կա՞ ինչ-որ բան անելու՝ թեկուզ հումանիտար հարցերում։ Իշխանության պատասխանները ստանալուց հետո առողջ ուժերը պետք է սկսեն գործընթացը։ Եթե Արցախը մնա այս վիճակում, ապա հաջորդ օջախը կլինի Սյունիքում, Գեղարքունիքում եւ այլն։ Հնարավոր է, որ մի քանի տարի հետո կքննարկենք Երեւանի շրջափակման արդյունքում ստեղծված խնդիրները»:
Ընդդիմադիր պատգամավորը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը կառուցում է Բերդաձոր-Կոռնիձոր նոր ճանապարհ՝ շրջանցելով Բերձոր/Լաչին ճանապարհը, իսկ երկրորդ փուլը կապված կլինի Բերդաձոր-Ստեփանակերտ ճանապարհի կառուցման հետ, որն անցնում է դժվարանցանելի տեղանքով եւ կստեղծի բարդ իրավիճակ Հայաստանի եւ Արցախի միջեւ կապի ապահովման համար. «Այս ճանապարհի կառուցումով, Ադրբեջանը նպատակ ունի վերահսկողության տակ առնել Լաչինը, քանի որ դա կհանգեցնի ռուս խաղաղապահների, արդեն այլընտրանքային ճանապարհ վերատեղակայման»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ