Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին շարքում նստած չարաճճի դպրոցական չեք, մի ընդհատեք»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Մարտ 22,2022 16:34

«Սա քաղաքական սոփեստություն է։ Բերում եք նախագծեր, որոնք քաղաքական սոփեստության մաքուր օրինակներ են։ Այս նախագիծն էլ է «տրոյական ձի», որի տակ այլ նպատակ է թաքնված»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով ընդդիմությանը՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ «Քրեական օրենսգրքում» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են ամրագրել՝ ՀՀ տարածքի կամ դրա մասի ՝ Հայաստանին պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նաեւ նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով` 1-2 մլն դրամով, կամ ազատազրկմամբ` 2-4 տարի ժամկետով:

Կոնջորյանը հայտնեց համոզմունք, որ եթե այս նախագիծն ընդունվի, ավելի շատ հետապնդման են ենթարկվելու հենց ընդդիմության քաղաքական առաջնորդները, որոնք ՀՀ-ին մեղադրում էին, օրինակ, պատերազմ սանձազերծելու մեջ․ «Ձեր վարչապետի թեկնածուն էր պատերազմի ժամանակ գեներալներին հրավիրում Երեւանում գործողություններ անելու, հիմա եկել եք ու զբաղվում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությա՞մբ։ Ձեր ղեկավարները երկար տարիներ բանակցել են հայրենիքը հանձնելու համար։ Պարոն Թեւանյան, դուք վերջին շարքում նստած չարաճճի դպրոցական չեք, մի ընդհատեք, երբ խոսում եմ։ Երբ դուք եք խոսում, ես լսում եմ»։

Հայկ Կոնջորյանը հավելեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու։

Նախագծի հեղինակ Արամ Վարդեւանյանը պնդեց՝ անգամ խոշորացույցով հնարավոր չէ ՀՀ-ին դեմ որեւէ բան գտնել այս նախագծում․ «Կարծիքի տեսքով ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնողներին պատժելու մասին է խոսքը, ինչի՞ն եք դեմ»։

Անդրադառնալով իշխանական պատգամավորների պնդումներին, թե ընդդիմադիրները հեռուստաընկերություններով ցույց են տվել հայ զինվորներին խոցող բայրաքթարների տեսանյութերը, Արամ Վարդեւանյանը հիշեցրեց․ «Դուք ձեր քարոզչական տեսանյութերում հոկտեմբերի 27 էիք ցույց տալիս ու շահարկում։ Դուք մուրճ էիք շահագործում ի վերջո»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031