«Այսօր ականատեսը եղաք մի քանի` ըստ էության, բացարձակ ապօրինությունների: Փաստորեն, դատավորն այսօր մտածեց, թե ինձ էլ ինչ հիմքով բաց չթողնի եւ հիշեց, որ ժամանակին բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ դա տեղի է ունեցել 2021թ օգոստոսի 11-ին, երբ ես մասնակցում էի ԱԺ առաջին նիստին, որտեղ նաեւ քննարկվում էր ինձ` հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը»,-լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը:
«Օգոստոսի 4-ին, երբ դատական նիստին չեմ մասնակցել, բայց մասնակցել եմ ԱԺ նիստին, դատավորն այն ժամանակ հարգելի էր համարել իմ բացակայությունը, բայց մի շաբաթ հետո որոշել էր, որ դա անհարգելի է եւ բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Հիմա 7-8 ամսվա ընթացքում ինքը տարբեր պատճառաբանություններով թույլ չտալով ինձ մեկնել մասնակցելու ԵԽԽՎ տարբեր միջոցառումներին, ու այսօր նոր հիշում է, որ օգոստոսի 11-ին նմանատիպ որոշում է կայացրել, եւ իմ վարքագիծն իրեն դուր չի գալիս:
Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ ես առաջնորդվելու եմ ԱԺ պատգամավորի մանդատով, եւ բացի այդ, ԱԺ կանոնակարգ օրենքն ավելի բարձր է, քան Քրեական դատավարության օրենսգիրքը, ուստի բառի բուն իմաստով ես պետք է զբաղվեմ իմ պարտականություններով: Դուք տեսնում եք, որ արդեն որերորդ անգամ փորձում ենք պարզաբանում ստանալ այս մեղադրանքի հետ կապված: Ի սկզբանե պարզ էր, որ այս մեղադրանքը ձեռքի հետ սարքած մեղադրանք է, որովհետեւ քննության հիմնական ուշադրությունը եղել է «Մարտի 1-ի գործը»:
Հիշեցնեմ, որ ինձ ընդհանրապես 2018թ օգոստոսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար, եւ մինչեւ հիմա իմ նկատմամբ այդ ստորագրությունն է գործում, եւ ընտրվել է 2018թ օգոստոսի 13-ի մի մեղադրանքով, որը հետո անհետացել է…Դատարանները համարել են, որ «Մարտի 1-ի» գործով եւ կաշառքի գործով ընդհանրապես գոյություն չունի հիմնավոր կասկած, իսկ փողերի լվացման մասով էլ որոշ բաներ են գրված, եւ եթե ենթադրենք, որ անգամ այդպիսի գործողություններ եղել են, ապա կալանքի վերցնելու հիմքեր չկան»,-նշեց Արմեն Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, քննիչը որոշում է կայացրել իր գույքերի վրա կալանք դնել դեռեւս 2018թ օգոստոսին մի մեղադրանքով, որն ուներ վաղեմության ժամկետ, և, ըստ էության, տնտեսական հետեւանքներ չէր առաջացնում. «Այդ նույն քննիչի որոշումը դեկտեմբերին նոր ուղարկվել է ի կատարումն մնացած պետական մարմինների: Պարզ է, որ դատարանները այդ որոշումները համարել են ապօրինի եւ կալանքները հանել են»:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկ շաբաթով հետաձգել էր ենթադրյալ կաշառքի գործով նիստը, որը շարունակվեց մարտի 22-ին: Նախորդ դատական նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել էր դատարանին թույլ տալ Գևորգյանին ապրիլի 6-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից և մեկնել Հռոմ՝ մասնակցելու ԵԽԽՎ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստին, սակայն դատավոր Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ