Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ թուղթ Ադրբեջանին զերծ չի պահելու հետագա հնարավոր ոտնձգություններից արդեն ՀՀ ճանաչված սահմանների նկատմամբ». Տաթեւ Հայրապետյան

Մարտ 22,2022 15:40

Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից Հայաստանի ակնկալիքների մասին այսօր խոսելով «Մեդիա կենտրոնում»՝ ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանն ասաց. «Իրականում իշխանությունը դանդաղորեն փորձում է հանրությանը հրամցնել այն միտքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս, որ պետք է լինել իրատես՝ չներկայացնելով դրա բոլոր հետեւանքները: Եթե գեթ մեկ վայրկյան պատկերացնենք Արցախը Ադրբեջանի կազմում, դա նշանակում է Արցախ՝ առանց հայկական բնակչության: Կարծում եմ, սա անառարկելի ճշմարտություն է: Երեկ Արարատ Միրզոյանը մեջբերում էր ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումը: Այդ նույն դատարանի որոշման մեջ նշված է, որ ադրբեջանցի պաշտոնյաները էթնիկ հայերի նկատմամբ ատելության քարոզ են իրականացնում: Չհասկանա՞լ դրա հետեւանքները, չգիտակցե՞լ, որ այս հակամարտության ամբողջ հիմքը այդ ատելությունն է Սումգայիթից, Բաքվից հետո, երբ ամբողջ արցախահայության գլխին կանգնեց բնաջնջման սպառնալիքը: Ամբողջ պայքարը դա բացառելու համար է:

Հիմա գնալ, ստորագրել մի թուղթ, որով փաստացի պետք է Արցախը ճանաչես Ադրբեջանի մաս, դա նշանակում է Արցախ՝ առանց հայկական բնակչության: Այստեղ առաջ է գալիս նաեւ Սյունիքի հարցը: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ թուղթ Ադրբեջանին զերծ չի պահելու հետագա հնարավոր ոտնձգություններից արդեն Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների նկատմամբ:

Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, ինչպես բոլոր տեսակի կոնվենցիաները եւ ամեն ինչ դրվում է մի կողմ: Փաստացի այսօր խնդիրները լուծվում են ուժի, ուժի սպառնալիքի լեզվով: Եվ այդ տրամաբանության մեջ անհասկանալի է, թե ինչու հայկական կողմը սեփական բանակը վերականգնելու անվտանգային մարտահրավերներին հավուր պատշաճի պատրաստվելու փոխարեն՝ ասում է. մենք նման քայլեր ենք անում, որ զոհեր չունենանք: Բայց մենք զոհեր ունենք: Ամբողջ թիմով պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ չխոսելով արցախահայության իրավունքների մասին: Ինձ ցույց տվեք Ադրբեջանի գեթ մեկ պատգամավոր, որը պատմության մեջ գեթ մեկ անգամ խոսել է արցախահայերի իրավունքների մասին: Դրա փոխարեն մեր ամբողջ իշխանական թիմը առավոտից երեկո Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է պաշտպանում՝ կրկին տեղավորելով նախկին-ներկա անհեթեթ ու չափազանց հոգնեցրած դիսկուրսի շրջանակներում»:

Տաթեւ Հայրապետյանի խոսքով՝ անզորության թեզը հատուկ է տարածվում հանրության շրջանում եւ նպատակով, որպեսզի մարդիկ մտածեն, թե ելքեր չկան եւ ցանկացած կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրելը միակ հույսն է: «Իսկ ես իրականում տեսնում եմ հնարավորություններ: Չէի ասի, թե դրանք շատ են, բայց կան: Եթե մենք ճիշտ ձեւով խոսակցություններ ունենանք մեր ռուս, իրանցի, արեւմտյան գործընկերների հետ նաեւ իրենց անվտանգային շահերի շրջանակներում կարողանալով համադրել մեր շահը, վստահեցնում եմ, որ իրավիճակը ունի լուծումներ: Ճիշտ աշխատանքը բերելու է արդյունքներ: Իսկ աշխատանք չի տարվում»,- վստահ է ադրբեջանագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031