Լրահոս
Օրվա լրահոսը

«Տվել են «կամիկաձեի» դեր, թող յոլլա տանի էլի»․ ընդդիմությունն ու իշխանական պատգամավորները վիճեցին

Մարտ 22,2022 15:29

Խորհրդարանն այսօր քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ «Քրեական օրենսգրքում» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են ամրագրել՝ ՀՀ տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանին պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նաեւ նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով` 1-2 մլն դրամով, կամ ազատազրկմամբ` 2-4 տարի ժամկետով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը նշեց՝ ցավոք ՀՀ-ում ստեղծվել է իրավիճակ, երբ նման օրենքի կարիք կա․ «Շուտով կարող է օրենք ներկայացնենք հայոց ցեղասպանությունը ժխտող կամ պետական քաղաքականությունը շրջանցող գործողությունները քրեականացնելու մասին։ Այսօր քարոզ է տարվում ՀՀ անկախության հռչակագրի դեմ։ Թիվ մեկ պաշտոնյան ասել է տեսակետներ, որոնք հակասում են ՀՀ անկախության հռչակագրին, իսկ իշխող մեծամասնությունն առնվազն դեմ չարտահայտվեց Շուշիի հռչակագրին, որն ուղղված է ՀՀ-ի եւ Արցախի դեմ։ ՀՀ անկախության հռչակագրում Արցախի մասին դրույթ կա, որի դեմ ՀՀ թիվ մեկ պաշտոնյայի եւ նրա թիմակիցների կողմից լսել ենք հռչակագրին դեմ քարոզ ու գործողություններ»։

Թեւանյանի խոսքով՝ հռչակագրով ամրագրված է նաեւ հայոց ցեղասպանության փաստը, որի դեմ նույնպես իշխանությունն արտահայտվել է․ «Ասվել է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրով զբաղվող թիվ մեկ սուբյեկտը պետք է լինի սփյուռքը։ Այդ տեսակետի կրողներն 90-ականներին դուրս մղվեցին քաղաքական պատմությունից, բայց հիմա տեսնում ենք, որ վերադարձել են։ Անկախության հռչակագրի համաձայն՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետական քաղաքականություն պետք է լինի։ Ասել, թե դրանով պետք է հիմնականում սփյուռքը զբաղվի, հակապետական է»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատեց՝ տարածքային ամբողջականությունից է խոսում մի ուժ՝ այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը 2002թ․-ին հարցականի տակ է դրել ՀՀ տարածքային ամբողջականությունը, համաձայնել եւ առաջարկել է փոխանակել Մեղրին՝ ՀՀ սուվերեն տարածքը։

Ընդդիմադիրների շարքերից աղմուկ լսվեց, Ալեքսանյանն ընդդիմադիրներին «բայրաքթարների ամբասադորներ», «երիտթուրքերի հետ կոալիցիա կազմածներ» անվանեց, ինչից հետո դահլիճից ծափեր լսվեցին։

«Իսկապես արժի ծափահարել։ Իրականությունից զատ այլ բան չասվեց։ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ տեսահոլովակներում եղել են բայրաքթարներից հայ զինվորների խոցման կադրեր։ Եթե դա վիրավորական եք համարում, չզետեղեիք դրանք ձեր քարոզչական նյութերի մեջ։ Եթե վիրավորվել եք, ջնջեք դրանք։ Փաստն է արձանագրել։ Տեղից ինձ մի հուշեք, թե որն է սուտը։ Ինձ չսովորեցնեք նիստը վարել»,-ընդդիմությանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը հաջորդիվ հայտարարեց․ «9 տարեկանում Քի Վեսթից կարդացած մարդուն իրականում այնքան դժվար է փաստեր բացատրել։ Իսկ երբ բայրաքթարներից են խոսում․․․անօդաչու ինքնաթիռի տեսակ կա, կոչվում է «կամիկաձե»՝ հարվածում է, բայց ինքն էլ է պայթում։ Հիմա տեղաբաշխում է՝ տվել են «կամիկաձեի» դեր, թող յոլլա տանի էլի․․․փուչիկի նման կարող են պայթել»։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ համոզմունք հայտնեց, որ քննարկվող նախագիծն իրականում կապ չունի ոչ Ալիեւի, ոչ Էրդողանի հետ, այլապես Արամ Վարդեւանյանը միանգամից կասեր այդ մասին․ «Մի հարց տամ, պարոն Վարդեւանյան։ «Մենք փոքր ազգ ենք, փոքր ազգը գոյություն ունենալու իրավունք չունի»։ Այս արտահայտությունը «Սարոյան եղբայրներ» ֆիլմից է եւ ընկնում է ձեր նախագծի տակ։ Ի՞նչ եք անելու, արգելելո՞ւ եք այդ ֆիլմը։ Ուզում եք Ալիեւի եւ նրա նմանների համար ծիծաղի առարկա դառնա՞նք։ Սա հակապետական է, հակահայկական է։ Ձեր նպատակն է ամեն գնով՝ անգամ պետականության կորստի գնով իշխանության հասնելը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց՝ զարմանալի է, որ իրավաբանական բարձր կրթություն ունեցող անձն է նման կերպ խեղաթյուրում նախագիծը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031