Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի եղբայրը դեսպան էր․ ցուցարարներին սպանել են դիմահար կրակով»․ Արշակյանի հիշեցումները Վարդեւանյանին

Մարտ 22,2022 14:51

Խորհրդարանն այսօր քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ «Քրեական օրենսգրքում» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են ամրագրել՝ ՀՀ տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանին պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նաեւ նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով` 1-2 մլն դրամով, կամ ազատազրկմամբ` 2-4 տարի ժամկետով:

Նախագծի հեղինակ Արամ Վարդեւանյանը հիմնավորումները ներկայացնելիս շեշտել էր, որ սա իրավական գործիք կլինի նաեւ Ադրբեջանի նախագահի եւ պաշտոնյաների հանդեպ՝ այն Ադրբեջանի, որի դեպքում Եվրոպան աչք է փակում, օրինակ, Ալիեւի կնոջ համար պաշտոն ստեղծելու եւ այդ պաշտոնին նրան նշանակելու ու նմանօրինակ այլ դեպքերի առնչությամբ։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ուշադրությունն այս օրինակը գրավեց։ Նա հարցրեց․ «Իսկ ի՞նչ կասեք ընտրակեղծարարության, եղբորը պաշտոնի նշանակելու, մասնավորապես՝ հատուկ գործերով դեսպան նշանակելու մասին (նկատի ունի Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանին, որն ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն էր զբաղեցնում․-հեղ), կոռուպցիայի մասին, երբ բարձր պաշտոնյան հեռանում է հազարապատիկ անգամ ավելացած միջոցներով, կամ խաղաղ ցուցարարներին քնած ժամանակ զենքով ցրելու մասին, դիմահար կրակով որոշներին սպանելու մասին»։

Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Եթե ձեր ասածը կապ ունենար նախագծի հետ, կպատասխանեի։ Ձեր նկարագրածից ամեն մեկը որեւէ մեկի համար չի կարող ընդունելի լինել, այդ թվում՝ ձեր իշխանության ժամանակ ծանոթ-բարեկամներին պաշտոնների նշանակելը։ Օրինակ՝ ՀՔԾ-ն ունի պետ, որի հակակշռող կառույցի՝ ԲԴԽ-ի անդամներից մեկը ՀՔԾ պետի՝ ներկայիս հակակոռուպցիոն ծառայության պետի եղբայրն է»։

Հակոբ Արշակյանն արձագանքեց, որ բավարարված է պատասխանով։ Արամ Վարդեւանյանը շարունակեց․ «Հենց նաեւ դուք կարող եք ՀՀ տարածքային ամբողջականության առնչությամբ արձանագրել, որ կողմ եք դրա պահպանմանը։ Հուսամ՝ մի օր վերաբերմունք կարտահայտեք նոյեմբերի իննի փաստաթղթի մասին։ Երբ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանի նախագահը կնոջ համար պաշտոն է հորինել, երբեք մեր խնդիրները չդնենք նույն հարթության վրա, որքան էլ որ այդ խնդիրները կան»։

Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ իշխանությունը, բանակն ու ժողովուրդը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար պատրաստ են զոհաբերել ամենաթանկը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031