Երեկ երեկոյան հրազենային վիրավորում ստացած Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու անդամ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանը (լուսանկարում) մահացել է: Նա տեղափոխվել էր «Վանաձոր» բ/կ՝ որովայնի հատվածում ստացած հրազենային վիրավորումով: Մահացածը Լորուտ գյուղի բնակիչ էր:
Մեզ հասած տեղեկություններով՝ գյուղում կա մի տուն, որի տերերը 20 տարուց ավելի է՝ տանը չեն բնակվում, այսպես ասած՝ անտեր տուն է, որտեղ գյուղի երիտասարդները հավաքվում, խաղեր են խաղում: Հենց այդ տանն էլ մահացածի ու նրա համագյուղացի դպրոցահասակ մի պատանու միջեւ վեճ է սկսվել ու շարունակվել այդ տնից դուրս՝ գյուղամեջում: Վեճի պատճառը դեռ հայտնի չէ:
Նախնական տեղեկություններով՝ դպրոցահասակ պատանին վեճի մասին հայտնել է հորը, որը գյուղում հայտնի է «Պոլոշանց Վիգեն» մականվամբ, վերջինս էլ միջամտել է վեճին ու հրազենային վիրավորում հասցրել ավագանու անդամին:
Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանից հետաքրքրվեցինք՝ սպանության մեջ կասկածվողը քրեակա՞ն, թե՞ թաղային հեղինակություն է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ շատ լավ մարդիկ են, անասնապահությամբ են զբաղվում, վատ համբավ չունեն գյուղում, իսկ մականունը հեշտ ճանաչելու համար է:
Կարդացեք նաև
Համայնքի ղեկավարը շատ տեղեկություններ չհայտնեց դեպքի մասին, ասաց, որ դեպքից հետո թե տղան, որը վիճել էր մահացածի հետ, թե վեճին խառնված հայրը փախուստի են դիմել, իրավապահները նրանց են որոնում:
Ըստ Թումանյանի, մահացածն ու սպանության համար կասկածվողները, հարեւաններ են, սանիկ-քավոր հարաբերություններ ունեին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ