Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախընտրելի է անկախության պահպանմամբ ինտեգրացիան ՌԴ-ի հետ եւ ոչ երբեք Թուրքիայի»․ Վարդեւանյանի արձագանքը, երբ հիշեցրին Քոչարյանի խոսքերը

Մարտ 22,2022 14:10

Խորհրդարանն այսօր քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ «Քրեական օրենսգրքում» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են ամրագրել՝  ՀՀ տարածքի կամ դրա մասի ՝ Հայաստանին պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նաեւ նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով` 1-2 մլն դրամով, կամ ազատազրկմամբ` 2-4 տարի ժամկետով:

Նախագծի համահեղինակ Արամ Վարդեւանյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հարց տվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետեւյալ հայտարարության մասին․ «Եթե գնում ես գործոն դառնալու ուղղությամբ, ապա այս տարածաշրջանում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ռուս-բելառուսական միութենական պետության շրջանակներում»։ Ղահրամանյանը հետաքրքրվեց՝ ձեր անձնական կարծիքը ո՞րն է։

Արամ Վարդեւանյանը պատասխանեց, որ նշյալ հարցազրույցի համատեքստն ամբողջությամբ պահպանելու դեպքում կարձանագրվեր, որ համեմատական է անցկացվել ԵՄ ձեւաչափի եւ նման տրամաբանությամբ ինտեգրման գործընթացների հետ․ «ՀՀ անկախությունը եւ անկախության հռչակագիրն անսակարկելի են։ Մեր դաշինքի մոտեցումը նույնպես այդպիսին է, իսկ ինտեգրացիոն գործընթացները նորմալ, բնական գործընթաց են եւ կատարվում են սահմանադրության շրջանակներում։ ԵՏՄ-ն եւս ինտեգրացիոն գործընթաց է եւ ձեր իշխանությունը դա երբեք կասկածի տակ չի դրել կարծես թե»։

Ղահրամանյանը հարցրեց՝ ճիշտ հասկացա՞վ, որ ըստ «Հայաստան» դաշինքի՝ ռուս-բելառուսական միության հետ պայմանագիր կնքելը կամ միանալը դեմ չի լինի անկախության հռչակագրին։ Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Նորից ասեմ, որ երկրորդ նախագահի դիրքորոշումն ուղիղ համեմատական էր ԵՄ ձեւաչափի ինտեգրացիոն գործընթացին։ ԵՄ անդամ երկրները հրաժարվե՞լ են իրենց անկախությունից։ Որեւէ մեկը կարող է ասել, որ Ֆրանսիան կամ Գերմանիան այլեւս անկախ չե՞ն։ Նույնն էլ վերաբերում է ՀՀ-ի ցանկացած ինտեգրացիոն գործընթացին։ Իմ կարծիքով՝ ՀՀ քաղաքացիների ստվար զանգվածը միշտ էլ կնախընտրի ՀՀ անկախության պահպանմամբ ինտեգրացիոն գործընթաց ՌԴ-ի հետ եւ ոչ երբեք, օրինակ, Թուրքիայի հետ»։

Արամ Վարդեւանյանը նաեւ տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է թե՛ հարեւան երկրների ղեկավարների եւ պաշտոնյաների արտահայտություններին, օրինակ՝ «Սեւանն եւ Երեւանը մերն են», եւ թե՛ ՀՀ քաղաքացիներին, իսկ արդյունավետությունն իրավական դաշտում արդյունք, ըստ հեղինակի, վստահաբար ունենալու է եւ հնարավորություն է տալու, օրինակ, միջազգային հետախուզում հայտարարել ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ոտնձգություններ արտահայտող հարեւան երկրների պաշտոնյաների հանդեպ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նկատեց՝ երբ ՀՀ գործիչներն իբր քննադատում են թշնամու ելույթները, բայց ամբողջությամբ մեջբերում են դրանք եւ լայն տարածում հաղորդում ՀՀ-ում, սա ի՞նչ է․ «Սա բացասական երանգով է արվում, բայց իրականում քարոզչություն է։ Հիմա դա այս օրենքով պե՞տք է հետապնդվի»։ Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Եթե դա հանգեցնում է ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելուն, ապա այո։ Կապ չունի՝ գործիչն իշխանակա՞ն է, ընդդիմադի՞ր, թե չեզոք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031