Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւ Հայրապետյան. «Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին եւ զուգահեռ պետական մակարդակով էթնիկ հայի դեմ քարոզում է ատելություն, իրականացնում է ահաբեկչական գործընթացներ»

Մարտ 22,2022 13:32

Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը, այսպես կոչված, խաղաղության օրակարգի շրջանակներում Հայաստանին ներկայացրած Ադրբեջանի հինգ կետից բաղկացած առաջարկների փաթեթի՝ կոմունիկացիաների բացման հետ կապված վերջին կետում նոյեմբերի 9-ին ստորագրած հայտնի եռակողմ հայտարարության կրկնություն է տեսնում: Իսկ մնացած առումներով նրա համոզմամբ Ադրբեջանի նպատակը մեկն է. վերջնականապես փակել Արցախի հիմնահարցը եւ հասնել նրան, որ հայկական կողմը Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում: «Սա ակնհայտ է: Սակայն դա միայն Արցախի հիմնահարցի փակում չէ: Իմ դիտարկմամբ, դա շատ ավելի մեծ ու վտանգավոր հետեւանքներ է ունենալու Հայաստանի ինքնիշխանության եւ պետականության համար: Ցավով եմ նշում, որ համապատասխան անձինք, պետական պաշտոնյաները անում են այնպիսի հայտարարություններ, գուցե՝ չգիտակցելով կամ այլ նպատակներ հետապնդելով, որոնք իսկապես խնդրահարույց են Հայաստանի պետական եւ անվտանգային շահի տեսանկյունից:

Ինչ վերաբերում է հնարավոր խաղաղության կամ հետագա գործընթացներին, խաղաղության մասին նաեւ ադրբեջանական կողմն է խոսում: Եվ դա անում է զուգահեռ այն գործընթացներին, երբ պետական մակարդակով էթնիկ հայի դեմ քարոզում է ատելություն, երբ իրականացնում է ահաբեկչական գործընթացներ թե սահմանամերձ շրջաններում բնակվող մեր հայրենակիցների եւ թե Արցախի բնակչության  նկատմամբ: Նույն գազի հետ կապված վերջին դեպքը դրա վառ օրինակներից մեկն է: Թվում է, թե գազի մատակարարման մասին է խոսքը, բայց Ադրբեջանը սա դարձրեց իր ձեռքում գործիք՝ շարունակաբար անհարմարություններ պատճառելով այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, նրանց կյանքը բարդացնելով եւ փորձելով ստեղծել իրավիճակ, որ նրանք իրենց անվտանգ չզգան սեփական հայրենիքում ապահով ապրելու տեսանկյունից:

Իսկ կստորագրի՞ արդյոք հայկական կողմը, թե՞ չէ, առնվազն դատելով իրենց հայտարարություններից, որոնք ինչպես նշեցի, խնդրահարույց եմ համարում, հայկական կողմը հակված է դրա ստորագրմանը: Իրենք խոսում են, որ ներկայացրել են իրանց առաջարկները:

Երեկ Արարատ Միրզոյանի խոսքում հակասություն է եղել: Նա բանավոր մեջբերում էր «Արմենպրեսին» տված իր հարցազրույցը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ հայկական կողմը չի ցանկանում գնալ բանակցությունների՝ նախապայմանների ձեւաչափով, իսկ հետո հայտարարում է, որ իրենց համար, ըստ էության, Ադրբեջանի առաջարկներում ոչ ընդունելի բան չկա: Եվ հավելում է, որ իրենք իրենց առաջարկներն են ներկայացրել փաստաթուղթը ամբողջական դարձնելու համար: Ես այստեղ լուրջ հակասություններ եմ տեսնում: Եթե գնում են առանց նախապայմանների, ուրեմն գնում են՝ ամեն մեկը ներկայացնելով իր տեսլականը, իր կարմիր գծերը եւ փորձում հասկանալ, թե կա՞ն, արդյոք, շփման եզրեր: Դրա համար էլ դիմել են Մինսկի խմբին՝ նաեւ մեջբերելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, ՄԱԿ-ի կանոնադրությունը: Ընդ որում, երեկ էլ ԱԺ-ում քննարկման ժամանակ շեշտվեց հենց Հելսինկյան եզրափակիչ ակտը, որտեղ, ի դեպ, կա ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը:

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է հայկական կողմը հրաժարվում այդ դրույթից, դա հստակ ամրագրելուց, ներկայացնում է անխտիր բոլոր իրավունքները՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որն է իր գլխավոր հենման կետը: Ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը դիվանագիտության կարեւոր ձեռքբերումներից է տարածքային ամբողջականության, ուժի, ուժի սպառնալիքի չկիրառման հետ միասին: Այդ երեք սկզբունքներից մեկը, որը բխում էր Հայաստանի շահերից, ամբողջությամբ ստորադասվում է ներկայումս այն մարդկանց կողմից, որոնք պատրաստվում են այդ բանակցությունները իրագործել»,- ասաց ադրբեջանագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031