ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն առաջացնող՝ «Արցախի հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հրատապ թեմայով քննարկումն իրականացնել ԱԺ փակ նիստում։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ առաջարկվել է զեկուցման հնարավորություն տալ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ԱԺ նախագահությունը ջանքեր գործադրե՞լ է, որ այդ երկու պաշտոնյաները ներկայանան։ Ռուբինյանը պատասխանեց՝ աշխատում են, որ ընդդիմության առաջարկը կյանքի կոչվի։
Արծվիկ Մինասյանը նաեւ հարցրեց․ «Հրատապ թեմայի էությունն այն է, որ հետաքրքրում է լայն շրջանակներին։ Եթե կան նուրբ հատվածներ, որոնք գաղտնիք են պարունակում, կարելի է փակ անել, բայց ոչ ամբողջ քննարկումը»։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն արձագանքեց․ «Հասկանալի է, որ հարցը լայն հետաքրքրություն ունի, բայց ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ՀՀ-ից դուրս են լսելու։ Հարցի քննարկումը կարող է պարունակել ՀՀ-ին եւ Արցախին պարունակող անվտանգային բնույթի հարցեր, որոնք հնարավոր չէ բաց ռեժիմով ուղիղ քննարկել։ Չենք կարող թույլ տալ նման հարցերն այդ կերպ քննարկել։ Արձանագրեմ, որ մենք շահագրգռված ենք հարցի քննարկմամբ, այդ պատճառով համաձայնել ենք, որ նախարարն ու փոխվարչապետը ներկա լինեն փակ ռեժիմով»։
Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ կա նաեւ բաց ձեւաչափ՝ վաղը կայանալիք կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ իր հերթին ասաց, որ հարցը կարեւոր է, Արցախում հումանիտար աղետ է, իսկ ՀՀ պաշտոնյաներից արձագանք գրեթե չկա․ «Քաղաքական մեծամասնությանը, ԱԺ նախագահությանը խնդրում-պահանջում եմ նույն ոգով արգելել քաղաքական մեծամասնության այն արտահայտությունները, որոնք վիրավորում են արցախցուն։ Դահլիճում նստած նախկին զինվորականներն այս օրերին անթույլատրելի, խայտառակ արտահայտություններ են անում արցախցիների հասցեին»։
Քվեարկությամբ 66 պատգամավոր «կողմ» քվեարկեց քննարկումը փակ անելու առաջարկին։
«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը նկատեց․ «Արցախի մեր որոշ գործընկերներ այստեղ են, առաջարկում եմ իրենց էլ հրավիրել»։ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ աշխատանքային կարգով կքննարկեն այդ առաջարկը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ