ԱԺ լիագումար նիստում այսօր օրակարգի շուրջ ելույթների ժամանակ պատգամավոր Կնյազ Հասանովը, թեմայից շեղվելով, շնորհավորեց քուրդ ժողովրդի ազգային տոնը՝ Նովրուզը, շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, որ վերջինս եւս շնորհավորել է, ու շեշտեց, որ այդ փաստը լուսաբանվել է քրդական լրատվամիջոցներում, արձագանք գտել Թուրքիայի քրդերի շրջանակում։
Հետո ելույթ ունեցած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը եւս շեղվեց թեմայից՝ կրկին բարձրաձայնելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակությունը Բալի է մեկնել ոչ թե աշխատելու, այլ շրջագայելու։ Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նրան ընդհատեց՝ հորդորելով խոսել օրակարգից։
«Կնյազ Հասանովն օրակարգից էր խոսո՞ւմ»,-հարցրեց Արեգնազ Մանուկյանը։ «Նրա համար հասկանալի պատճառով բացառություն արեցինք»,-պատասխանեց Ռուբինյանը։
Արեգնազ Մանուկյանը շարունակեց իր ասելիքը՝ պնդելով, որ ՔՊ-ականները թանկարժեք տուրիստներ են դարձել։ Ռուբեն Ռուբինյանը Մանուկյանին կոչ արեց կոռեկտ լինել։
Կարդացեք նաև
Ելույթ ունեցող հաջորդ պատգամավորը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը նախ նշեց, որ օրակարգից շեղվելու է, բայց ներքաղաքական թեմաներից չի խոսելու, ինչն առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների ընդվզումը։
«Մի վայրկյան, մի հատ էդ ձեռը հետ դրեք ու հանգստացեք։ Մի պատասխանեք ինձ»,-դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց Ռուբեն Ռուբինյանը, ապա Գրիգորյանին եւ բոլորին խնդրեց մնալ օրակարգի շրջանակում։
«Կներեք, բայց հարցն Արցախին է առնչվում։ Միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ Ադրբեջանը գազամատակարարումից զրկել էր արցախահայությանը, իսկ վերականգնումից հետո այն կրկին դադարեցվել է Ադրբեջանի կողմից։ Սա դատապարտելի է»,-եզրափակեց Հռիփսիմե Գրիգորյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ