«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին» նախագծով առաջարկվում է գրքերի տպագրությունը եւ դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից․ նպատակն է ընթերցանության, կրթվածության խթանումը, գրահրատարակչական ոլորտին աջակցելը։
Նախագիծն այսօր ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ նման արտոնություններ սահմանել են աշխարհի մոտ երեսուն երկրներ։
Նշեց, որ ՔՊ-ն հանձնաժողովում ձեռնպահ է քվեարկել, նախագիծը ստացել է բացասական եզրակացություն։
Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը բացատրեց, թե ինչն են խնդրահարույց համարում․ «Խնդիրն ախտորոշված է ճշգրիտ, որովհետեւ տարբեր տեսակի գրականության հարկման հանդեպ կա տարբերակված մոտեցում, բայց արտոնությունների առումով ՀՀ-ում դրանք եւս կան։ Օրինակ՝ մանկական գրականությունը եւ ուսումնամանկավարժական գրականությունն ազատված են հարկերից։ Նախագծով առաջարկվում է հարկերից ազատել նաեւ գեղարվեստական, հրապարակախոսական գրականությունը, բայց խնդրահարույց է այն, որ ներկրվող հումքը եւս առաջարկվում է ազատել հարկերից։ Դա շատ դժվար է որոշել։ Ներմուծվող թուղթը հրատարակչակա՞ն է, թե՞ դառնալու է բուկլետ կամ անձեռոցիկ։ Դա դժվար է որոշել։ Այդ թուղթը նաեւ վաճառվում է գրախանութներում։ Նույնը նաեւ սոսինձը»։
Կարդացեք նաև
Ղազարյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժի մոտեցումն այն է, որ գրադարանների ֆինանսավորումն է պետք ավելացնել, ինչը կխթանի այցելությունը․ «Եթե համալրման բյուջեն ավելանա, ընթերցողների թիվն էլ կավելանա։ Դա հասանելիության լավ տարբերակ է, գրքերը կվաճառվեն ԱԱՀ-ով։ Առաջարկում եմ դեմ քվեարկել, որովհետեւ նախագիծը մինչեւ այստեղ գալը քննարկման այլ փուլեր պետք է անցնի»։
Սա լսելով՝ Աղվան Վարդանյանը հայտարարեց․ «Թախանձագին խնդրեմ տիկին Ղազարյանին սխալ, չհիմնավորված գնահատականներ չտալ օրենսդրական նախաձեռնություններին։ Երկրորդ, տեղեկացնեմ, որ ես առաջարկել եմ՝ եթե կան հարցեր, պատրաստ եմ երկրորդ կետը հանել (նկատի ունի՝ գրահրատարակչական նյութերի ներմուծման հատվածը-հեղ․)։ Ցավոք, հանձնաժողովը դրան չարձագանքեց, ուստի ազնիվ չի գալ այստեղ ասել, որ հիմնական խնդիրը ներմուծվող ապրանքներն են»։
Քվեարկության արդյունքում նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։ «Դեմ» քվեարկեց 60, «կողմ»՝ 30, «ձեռնպահ»՝ 1 պատգամավոր։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ