«Քանի անգամ է՝ լիագումար նիստերի ժամանակահատվածում Ալեն Սիմոնյանը մեծ խմբով մեկնում է գործուղման, իսկ իրականում՝ տուրիստական շրջագայության եւ դա պետական բյուջեի հաշվին։ Ինչո՞վ է պայմանավորված 11 հոգանոց պատվիրակության մեկնումն Ինդոնեզիա, որքա՞ն է դա նստելու ՀՀ հպարտ հարկատուների վրա, ի՞նչ արդյունք է ստանալու ՀՀ-ն՝ Ալեն Սիմոնյանի այդ այցից»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ ԱԺ-ն ունի մի շարք միջխորհրդարանական հարթակների պատվիրակություններ, որոնց կազմերը հաստատվում են ԱԺ խորհրդի կողմից, որի անդամ են նաեւ ընդդիմադիրները․ «Նա չի մեկնել շրջագայության, այլ մեկնել է որպես միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար»։
Արեգնազ Մանուկյանն ակնարկեց, որ Ռուբինյանը խուսափող պատասխան տվեց․ «Այս ԱԺ-ում Ալեն Սիմոնյանը միակն է, որը տուրիստական տոմս է շահել, ՔՊ-ի պատգամավորները հերթով մեկնում են շրջագայությունների՝ զրո արդյունք տալով ՀՀ-ին եւ անձնական տպավորություններ ստանալով պետբյուջեի հաշվին»։
Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Ստիպված եմ տեղեկացնել, որ գոյություն ունի ԱԺ կայք, որում հրապարակվում են ԱԺ նախագահի որոշումները՝ պատվիրակությունների այցերի նպատակներով, ծախսերով։ Պարբերաբար տրվում են հաշվետվություններ։ Ձեր ասած շրջագայությունների ժամանակ ցավոք հաճախ միայն ՔՊ-ի պատգամավորներն են մեկնում եւ բարձրաձայնում հարցեր, որոնք բխում են ՀՀ եւ Արցախի շահերից։ Ես կարող եմ հիշեցնել ԵԽԽՎ երկու բանաձեւերի մասին, որոնք կարեւոր են մեր համար։ Խորհուրդ կտամ փոխել ձեր ոճը, որովհետեւ արդեն հոգնեցնում եք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ