Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը ոչ միայն դրսեւորում է միակողմանի կեցվածք, այլեւ իր գործողություններով ուղղակի դեմ է դուրս գալիս սեփական կանոնադրական նպատակներին. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 22,2022 10:44

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությունը հակասում է միջազգային այս թիվ մեկ կառույցի կանոնադրությամբ ամրագրված բոլոր երեք նպատակներին:

ՄԱԿ-ի առաքելության առաջին նպատակն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը եւ այդ նպատակով ձեռնարկել արդյունավետ հավաքական միջոցներ՝ կանխելու, վերացնելու խաղաղությանը սպառնացող վտանգները, ճնշելու ագրեսիայի ակտերը կամ խաղաղության այլ խախտումներ, ինչպես նաեւ հետամուտ լինել խաղաղ միջոցներով՝ արդարադատության եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, միջազգային վեճերի կամ այն իրավիճակների կարգավորմանը, որոնք կարող են հանգեցնել խաղաղության խախտման:

Այս նպատակի շրջանակում ՄԱԿ-ի գործողությունները պետք է չեզոքացնեն խաղաղությանը սպառնացող վտանգները եւ կարգավորեն այն իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել դրա խախտման: Միջազգային այս կառույցը, ի դեմս իր ներկայացուցչի մասնակցելով օկուպացված Շուշիում կազմակերպված միջոցառմանը, փաստորեն, անտեսում է 35-ամյա հակամարտության մի կողմի իրավունքները եւ իր գործողությամբ լեգիտիմացնում Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով ինքնորոշված եւ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների, մասնավորապես՝ Շուշիի բռնազավթումն ու Արցախի ժողովրդի դեմ հրահրած ադրբեջանաթուրքական ագրեսիան:

ՄԱԿ-ի երկրորդ նպատակն ազգերի միջեւ բարեկամական հարաբերություններ զարգացնելն է՝ հիմնված ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման իրավունքների սկզբունքի հարգման վրա: Ակնհայտ է, որ Բաքվում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի Շուշի այցը, ավելին՝ բուն միջոցառումը օկուպացված հին հայկական բերդաքաղաքում անցկացնելուն համաձայնություն տալը չեզոք կեցվածք չէ հակամարտության կողմերի նկատմամբ եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուղղակի ոտնահարում է:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւ բարձրաստիճան պաշտոնյաները Շուշիում կարող էին տեսնել միայն հայկական հոգեւոր-մշակութային կոթողների եղեռնը, իսկ այն միջազգային թիվ մեկ կառույցի երրորդ հիմնական նպատակի կոպիտ խախտում է:

Այսօր էլ ՄԱԿ-ը հակամարտության երրորդ թեժ փուլից հետո ոչ միայն դրսեւորում է միակողմանի կեցվածք, այլեւ իր գործողություններով ուղղակի դեմ է դուրս գալիս սեփական կանոնադրական նպատակներին: Դա առաջին հերթին միջազգային այս կառույցի հեղինակությանն ու վարկին է հարվածում, որը երկրագնդի բոլոր ժողովուրդներին է պատկանում եւ պետք է հավասարապես ծառայի բոլորի շահերին: Այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը սպասում է քաղաքական բանակցությունների փուլին, ինչի մասին բարձրաձայնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, առաջադեմ, չեզոք պահվածք ունեցող երկրներն ու եվրոպական կառույցները, ՄԱԿ-ի ներկայացուցչի նման գործողությունները չեն կարող նպաստել տարածաշրջանում կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործընթացին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031