Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ռազմական գործողություններից բացի ընթանում էր նաեւ տեղեկատվական պատերազմ, երբ թիրախավորվում էր հայ մարդը. հայ հանրությունը ենթարկվում էր տեղեկատվական հարձակումների, ինչով փորձ էր արվում խուճապային տրամադրություններ ստեղծել թիկունքում։ Թուրք-ադրբեջանական սպառնալիքից պաշտպանվելու արդյունավետ տարբերակը թշնամական ծրագրերի, պլանների մասին տեղեկացվածության անհրաժեշտ մակարդակի ապահովումն ու դրանց նկատմամբ վերահսկողությունն է։ Այդ ամենին հնարավոր է հասնել օպերատիվ տեղեկատվության ստացման ճանապարհով, ինչը բավականաչափ մեծ մարդկային եւ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Մեր երկրի մասնագիտական ռեսուրսները բավարար չեն, որպեսզի օպերատիվ կերպով թարգմանվեն եւ ֆիլտրվեն այն ահռելի տեղեկատվական հոսքերը, որոնք շրջանառվում են Հայաստանն աքցանի մեջ առած ուժերի ճամբարում։ Այդ խնդիրը կարող է լուծվել միայն մեքենայական միջոցների մշակմամբ ու ակտիվ կիրառմամբ։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Ազգային արագացում» հանրային նախաձեռնության ղեկավար Արտակ Հովսեփյանը տեղեկացրեց, որ անվտանգային նպատակներով իրականացնում են ադրբեջաներենի եւ թուրքերենի թվայնացում։ Մշակել են ադրբեջաներեն խոսքի ճանաչման փորձնական ծրագիր, որի նշանակությունը հատկապես անվտանգային առումով դժվար է գերագնահատել։ Աշխատանքները սկսել են այս տարվա հունվարի 12-ից, կրկին արցախյան գործընկերների, ավելի կոնկրետ՝ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ, որի կովկասագիտության բաժինը տրամադրել է մեքենայական ուսուցման համար անհրաժեշտ նյութերի առաջին խմբաքանակը։ Արդյունքում, մոտ 45 օրվա ընթացքում կովկասագիտության բաժնի 26 ադրբեջանագետ ուսանողների ու դասախոսների կողմից ձեւավորվել եւ մշակվել, խմբագրվել է 83 տվյալների համադրված (ձայնագրություն + բնօրինակ տեքստ) հավաքածու (dataset)։ Առանձին միավորների ընդհանուր քանակը կազմում է 45868, ձայնագրությունների տեւողությունը կազմում է 59 ժամ 52 րոպե։ «Խոսքի ճանաչումն օգտագործվելու է տեղեկատվական հոսքերի կառավարման եւ ծավալապաշտ հարեւանների վտանգավոր ծրագրերի ու մտահղացումների իրազեկման, վերահսկողության, իսկ ձայնի սինթեզը՝ հակաքարոզչության նպատակներով»,- ասաց զրուցակիցս՝ հավելելով, որ եթե երկու ամսվա ընթացքում ադրբեջաներենի եւ թուրքերենի խոսքի ճանաչման ծրագրերը կարողանան աշխատեցնել արդյունաբերական մակարդակով, ապա իրենց անհրաժեշտ են լինելու թարգմանություններ։
Ստրատեգիական առումով բոլոր այս լեզուների թվայնացումը եւ ազգային ցանցերի կառուցումը պետք է դառնան նոր քաղաքակրթական ծրագրի կարեւոր բաղադրիչը։ Հովսեփյանի խոսքով, մեր լուծումները կիսելով բոլոր այն ժողովուրդների հետ, որոնք տառապում են ագրեսիվ համահարթեցման հետեւանքով, դուրս կգանք քաղաքական փակուղուց եւ ձեռք կբերենք վստահելի դաշնակիցներ եւ գործընկերներ այդ թվում նաեւ տնտեսական ու մշակութային աշխարհի բոլոր անկյուններում։
Մեր տարածաշրջանի ժողովուրդները թուրքերենի ու ադրբեջաներենի միջոցով հնարավորություն կունենան հաղորդակցային կապ ստեղծել միմյանց հետ։ Օրինակ՝ Թուրքիայում ապրող ազգությամբ ոչ թուրք բնակիչը կկարողանա հաղորդակցվել Ադրբեջանի ավտոխտոն՝ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների հետ, արդյունքում խոսելով իրենց լեզուներով, կկարողանան հասկանալ իրար։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: