ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գրառումը
Ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես Քրեական օրենսգիրքն ուղղակի ծառայեցվեց մեկ [կառավարող] կուսակցության շահերի ու մեր երկրի համար ապահովվեց ժողովրդավարության հետընթաց:
Մարդուն հայհոյելը կամ վիրավորելն ինձ համար որևէ պարագայում ընդունելի չէ, բայց նման ձևակերպումներով հոդված [137.1] Քրեական օրենսգրքում չէր կարելի ընդունել որևէ պարագայում:
Ինչպե՞ս կարելի էր դրանից մի քանի ամիս առաջ` ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայհոյանքն ու վիրավորանքը հասցնել ամենաբարձր «պիկի» ու գրեթե անմիջապես հետո սկսել Քրեական օրենսգրքով պայքարել դրա դեմ:
Կարդացեք նաև
Որքան ասացինք` ընտրված է պայքարի սխալ տարբերակ, բայց կար քաղաքական որոշում. անտեսվեցին մասնագիտական բոլոր կարծիքները և միայն քաղաքական որոշման համար փոխվեց Քրեական օրենսգիրքը:
Նախագծի հիմնավորումները խիստ մակերեսային էին. այնքան որ ապահովված էր ֆորմալ իրավական ֆոն քաղաքական լուծումն իրագործելու համար:
ԱԺ-ում քննարկման ժամանակ Կառավարությունն ու հոդվածի օգտին հանդես եկող պատգամավորներն իրենք չէին կարողանում բացատրել, թե ինչ են նշանակում հոդվածի ձևակերպումները:
Այս հոդվածը վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի` այն էլ ծանրացնող հանցակազմով:
Այն խիստ վտանգավոր է անձնական ազատության համար: Թեև հոդվածի որևէ մաս առհասարակ չի նախատեսում ազատազրկումը` որպես պատիժ ու, հետևաբար, մարդուն կալանավորել (խափանման միջոց) չի կարելի, եզակի չեն դեպքերը, երբ, օրինակ, մարդիկ են ձերբակալվում:
Առկա են դեպքեր, երբ լրագրողը որևէ քաղաքացուց կարող է հարցազրույց վերցնել, հետո չգիտես, թե ինչ չափանիշներով իրավապահ մարմինները գնում ու ձերբակալում են հարցազրույց տված քաղաքացուն:
Կան դեպքեր, երբ այս հոդվածի պատճառով քաղաքացիները չեն համաձայնվում լրագրողներին հարցազրույց տալ, վստահ չեն, որ քրեական հետապնդման չեն ենթարկվի կամ չեն ձերբակալվի: Ընդ որում, թե´ քաղաքացիները, թե´ լրագրողները չգիտեն, թե ինչ չափանիշներ են իրավապահ մարմինները կիրառում:
Այս հոդվածի «ձեռքը կրակն են» ընկել նաև իրավապահ մարմինների ծառայողները, նրանց նորից դարձրել են քաղաքական որոշումների զոհը ու դրել հարվածի տակ:
Ինչպե՞ս կարելի էր ամեն ինչ թողնել պրակտիկային ու նման վերացական հոդվածով բացել քրեական հետապնդման դուռը մարդկանց նկատմամբ:
Այսօր տեղի է ունենում Քրեական օրենսգրքի խտրական, ընտրողական կիրառություն: Հակառակն ասողները կա´մ ուղղակի քաղաքական նկատառումով են խոսում, կա´մ հոդվածի ընդունմանը մասնակից են ու անաչառ չեն:
Բացարձակ անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են իրավապահ մարմինները որոշում «թիրախները», իրենք անգամ չգիտեն:
Օրինակ` ինչպե՞ս է իրավապահ մարմինը առանց վիրավորանքի զոհի, սեփական նախաձեռնությամբ որոշում, որ ինչ-որ բառերի համար պետք է վարույթ սկսի ու այդ գործով գնա մարդկանց անհանգստացնելու, իսկ ինչ-որ բառի համար` ոչ: Ասենք, արդյոք զանգում են այն պաշտոնյանին, ում ենթադրաբար վիրավորել են ու հարցնում նրան` արդյոք նա վիրավորվել է քաղաքացու կոնկրետ արտահայտությունից կամ էլ միգուցե իրավապահ մարմինները փորձում են կռահել` այդ պաշտոնյան կվիրավորվեր արված արտահայտությունից, թե ոչ: Կամ միգուցե իրավապահ մարմնի կոնկրետ ծառայողն իրեն դնում է կոնկրետ պաշտոնյայի տեղը կամ իր վրա է վերցնում ինչ-որ արտահայտություն ու փորձում հասկանալ` ինքը կվիրավորվեր դրանից, թե ոչ: Կամ արդյոք կա հաստատված բառերի ցանկ ու իրավապահ մարմիններն արդեն այդ ցանկով են ստուգում հայհոյանքները ու ամեն անգամ թարմացնում են ցանկը:
Ամբողջությամբ փակ ու չբացահայտվող գործընթաց է:
ՍԴ այս դիմումը ներկայացնելու ժամանակ արդեն կային հրապարակային տվյալներ, որ գործեր են հարուցվում քաղաքական միջամտություններով:
Պարզ չէ՞ր, որ այս հոդվածն ուղղակի անհնար էր լինելու կիրառել «հայհոյանքի կամ անպարկեշտ վիրավորանքի» բոլոր դեպքերի համար. նախ, այդքան ռեսուրս չկա և երկրորդ, միևնույնն է` արտերկրից ու կեղծ էջերից «հոսող» հայհոյանքի ու վիրավորանքի դեմ այս հոդվածն ի վիճակի չէ պայքարել:
Սա նույնն է, որ, ասենք, մարդու սպանությունը քրեականացնող հոդված ընդունվի, բայց ոչ բոլոր սպանությունների դեպքում կիրառվի, քանի որ մարդկային ու տեխնիկական բավարար ռեսուրսներ, հնարավորություններ չկան և դրան գումարած էլ այդ հոդվածը կիրառվի փորձարկումով, քանի որ որևէ մեկը հստակ չգիտի, թե ինչ նշանակություն ունեն հոդվածի ձևակերպումները: Արտերկրից կամ դիմակավորված սպանություն կատարողներն էլ մնան անպատիժ առհասարակ:
Նշվածից բացի, Քրեական օրենսգրքում այս հոդվածը [137.1] ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, մասնագիտական դիտարկումներն անտեսելով:
Վաղը Սահմանադրական դատարանը քննելու է այս հոդվածի սահմանադրականությունը, որ դեռ անցյալ տարի հոկտեմբերի 13-ին եմ ներկայացրել: Այն ժամանակ դա 67 էջ վերլուծություն էր, բայց հիմա արդեն մի քանի հարյուր էջ կպահանջվեր այդ հոդվածի առաջացրած բոլոր խնդիրները ներկայացնելու համար:
ՍԴ-ն այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ի հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար: Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս հոդվածի սահմանադրականությունը հիմնավորվել: