Ինչպես հայտնել էինք, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները պահանջեցին հայտարարել, թե Ադրբեջանի հետ բանակցություններում որոնք են կարմիր գծերը, ապա հայտարարեցին՝ քանի որ չհնչեցին պատասխաններ, ուրեմն իշխանությունը թուրքական օրակարգ է սպասարկում։ Իշխանական պատգամավորներն էլ իրենց ելույթներում անդրադարձան ընդդիմադիրների մոտեցումներին։
«Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ ընդդիմությունն իշխանությունից պահանջում է կարմիր գծերն ամրագրել, բայց ինքը չունի կարմիր գծեր․ «Եթե դուք ընդդիմություն եք եւ պայքարում եք կառավարության դեմ, նորմալ է, բայց եթե դուք ձեզ 5-րդ շարասյան գործառույթ եք վերագրել, ուրեմն սա հակապետական քննարկում է։ Կողմնորոշվեք։ Եթե 5-րդ շարասյուն եք, մեր ճանապարհները նույնը չեն կարող լինել»։
«Քաղաքացիական պայմանագրից» Վիգեն Խաչատրյանն էլ ընդդիմությանն անվանեց ռեւանշիստներ․ «Դուք մեզ ուզում եք անցյալ տանել։ Մենք ժողովրդից քվե ենք ստացել։ Այ սա է։ Ռեւանշ եք ուզո՞ւմ։ Չի ստացվելու։ Այս մարդիկ անկեղծ են ու ասում են, որ իրենց նպատակը մեր՝ պետության տապալումն է։ Դուք չեք ուզում, որ իշխանությունը ձեւավորվի ընտրություններով։ Մենք չենք կարող ձեր հետ տապալել մեր պետությունը»։ Ընդդիմադիր պատգամավորներից տեղից արձագանքեցին, ելույթները մի պահ վերածվեցին վիճաբանության։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը պատասխանեց․ «Հա, ուզում ենք անցյալ վերադառնալ՝ անցյալ, որտեղ ես հաղթանակած երկրի զավակ է, որտեղ հպարտանում էինք Շուշիի ազատագրմամբ, որտեղ գլխիկոր չէինք սպասում մայիսի 9-ին։ Հիմա դուք էս ի՞նչ Հայաստան եք մեզ բերել եւ մի հատ էլ մեզ եք մեղադրում։ Պարոն Վարդանյան, երբ պնդում ենք, որ ասեք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, դա հակապետական է՞»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ