Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողբերգությունը Սիմոն Վրացյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ընտրելու մեջ չէ, այլ Նիկոլ Փաշինյանին ընտրելու մեջ է»

Մարտ 21,2022 20:12

Ինչպես հայտնել էինք, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ ՀՅԴ-ին հիշեցրել էր առաջին հանրապետության գործիչների՝ թուրքական կառավարության հետ հարաբերությունների մասին։ Այս առիթով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ՀՅԴ-ականների համար ընթերցեց ՀՀ կառավարության այդ ժամանակվա ղեկավար Սիմոն Վրացյանի նամակը Թուրքիային՝ 1921թ․-ի մարտին։

Ապա Մարիա Կարապետյանը հարցրեց․ «Ուզում եմ հասկանալ։ Ինչո՞ւ Սիմոն Վրացյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ դուք, այնուամենայնիվ, ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին»։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն իր հերթին հորդորեց խնդիրների քննարկման ժամանակ հարցադրումները չտանել-հասցնել Շենգավիթի պեղավայր․ «Անցյալում կան ձեռքբերումներ եւ սխալներ, բայց ունենք ներկան ու կան մտավախություններ։ Հստակեցման կարիք կա։ Արցախցիները մտավախություն ունեն ու հստակություն են ուզում, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Կուզեի Արարատ Միրզոյանը հստակ նշի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի եւ այլ տարբերակ չի կարող քննարկվել։ Ուզում եմ փաստենք, որ հայ-թուրքական բանակցությունները բխում են ՀՀ շահերից, ոչ թե Թուրքիայի ուզածից»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նկատեց՝ իրենք վտանգներից են խոսում, մինչդեռ իշխանությունը շարունակում է անցյալի էջերը թերթել․ «Չգիտեի, որ Սիմոն Վրացյանի կատարողականն ենք այստեղ քննում։ Սիմոն Վրացյանն իր կատարողականը տվել է պատմության մեջ եւ մնալու է պատմության մեջ որպես ազգային-պետական գործիչ։ Նա ոչնչից թողել է պետություն, որը մինչեւ հիմա կա քարտեզի վրա։ Ձեզ փոխանցվել է 42 000 քառակուսի կմ, իսկ դուք թողել եք 32 000-ը։ Ձեր կառավարությունն այս 32 000-ը հայկական պահելո՞ւ է, թե չէ»։

«Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանը դիմեց Մարիա Կարապետյանին․ «Ողբերգությունը Սիմոն Վրացյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ընտրելու մեջ չէ, այլ Նիկոլ Փաշինյանին ընտրելու մեջ է»։

Ի պատասխան «Քաղաքացիական պայմանագրից» Արփի Դավոյանը խորհուրդ տվեց լսել ընդդիմության կազմակերպած այսօրվա խորհրդարանական լսումները․ «Դրանք խայտառակություն են։ Դրանք են ողբերգությունը։ Ցավում եմ, որ նման մակարդակ է եղել նիստերի դահլիճում, մի մասն էլ բերեցիք այստեղ։ Չկա ընդդիմություն, որը միտում ունի ցավալ ՀՀ-ի համար, ունենալ պետական եւ ազգային շահերի օրակարգ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031