Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանի զեկույցը ՀՀ կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին

Մարտ 21,2022 20:33

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ հանդես է եկել զեկույցով, որում, մասնավորապես, նշել է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի ու Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման և կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն։ Եվ, ըստ այդմ, 2021 թվականի ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն։

Իհարկե, մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր, նախ և առաջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ։

Տարվա ընթացքում մենք այս առումով որոշակի հաջողության ենք հասել , քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպում․ նախ՝ 2021 թվականի սեպտեմբերին՝ Նյու-Յորքում և ապա՝ Փարիզում: Պետք է նշեմ, որ համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային, այսպես ասած, փոքր քայլերով առաջ գնալու մարտավարության վրա, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա՝ առաջին հերթին, ապա նաև՝ մեր պնդմամբ՝ արձանագրելով, որ այնուամենայնիվ օրակարգում է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը։ Սա դուք կարող եք տեսնել, համենայն դեպս՝ այս թեզի ընկալումը և արձանագրումը համանախագահության կողմից կարող եք տեսնել այդ առաջին՝ նյույորքյան հանդիպմանը հաջորդած հաղորդագրության, ինչպես նաև հետագա հայտարարություններում։ Հավանաբար, հիշում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը համանախագահության ձևաչափով նախատեսված էր 2021 թվականի դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ նախարարական ամենամյա վեհաժողովի շրջանակներում, սակայն նախատեսված հանդիպումից ժամեր առաջ տեղեկացանք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը այս հնգակողմ հանդիպմանը հրաժարվել է մասնակցել։ Նաև կնշեմ, որ մինչև հանդիպումը համանախագահության կողմից մեզ փոխանցվել էին որոշակի օրակարգային առաջարկներ, և այդ օրակարգային առաջարկները ներառում էին նաև խաղաղության համապարփակ պայմանագրի պարամետրերի հստակեցումը, իհարկե նաև՝ հումանիտար մնացյալ հարցերի հասցեագրումը։

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների, ըստ էության, մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև կար համընդհանուր ընկալում, կարելի է ասել՝ կոնսենսուս առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի և պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում ընթացող բանակցությունների միջոցով։ Նաև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրները 2021 թվականին ընդունել են 11 հայտարարություն, որոնցում հստակորեն արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

Այս շարքում ուզում եմ նաև առանձնացնել դեկտեմբերի 7-ին համանախագահող երկրների երեք արտգործնախարարների համատեղ հայտարարությունը։ Այս հայտարարությունը հանրայնացվեց արդեն այն բանից հետո, երբ Ստոկհոլմում ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Սա, կարծում եմ, էական նրբերանգ է։

Ուզում եմ ասել, որ Կառավարության կողմից շարունակվել է մեկնարկած աշխատանքը՝ ուղղված Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավմանը և մարդասիրական առաքելությունների ներգրավմանը, մարդասիրական աջակցության տրամադրման խնդիրներին, գործընթացներին: ՄԱԿ-ի մարդասիրական մարմինների հետ շարունակաբար քննարկվել է Արցախ մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցը: Ադրբեջանի կողմից մարդասիրական առաքելությունները խոչընդոտելու փաստը հրապարակայնորեն ճանաչվել է ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի, այնպես էլ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Երկկողմ ձևաչափով և միջազգային կառույցներում (այդ թվում՝ ԵԽ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում) տեղի ունեցող հանդիպումներում Հայաստանը շարունակել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի կողմից հայատյացության դրսևորումների, Ադրբեջանի կողմից իրականացված հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, «ռազմավարի պուրակի», ինչպես նաև արդեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների, այդ ընթացքում կատարված այլ հանցագործությունների վրա:

Եվ այս համատեքստում ուզում եմ նշել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումները. «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում հրատապ միջոցների կիրառմամբ պարտավորեցրել է դատարանը Ադրբեջանին կանխել ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառյալ՝ եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանատները և արտեֆակտերը։

Հարգելի՛ գործընկերներ,

Թեև ասելիքս արդեն 2022 թվականին է վերաբերում՝ ոչ հաշվետու շրջանին՝ 2021 թվականին, բայց անպայման ուզում եմ ընդգծել, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարարի կողմից բարձրաձայնված մոտեցումներն այն մասին, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը պետք է զբաղվի աղվանական մշակութային կոթողների «վերականգնմամբ», հրատապ են դարձնում հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ։ Եվ մենք այժմ այս մասին բանակցություններ ենք վարում։

Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ ռամագերիներ և քաղաքացիական անձիք, և Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը:

Ինչպես գիտեք, հարգելի՛ գործընկերներ, Ադրբեջանում դեռևս 38 անձ է պահվում՝ ռազմագերի, պատանդ և այլ կարգավիճակով պահվող անձինք։ 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են․ ուշագրավ է նաև, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 9-ը։

Խնդիրը 2021 թվականի ապրիլի 19-ին ներառվել է ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում: Շարունակում է ուժի մեջ մնալ նաև Ադրբեջանի նկատմամբ ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը։ 2021 թվականի մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատման և վերադարձի կոչ անող բանաձև: ԵՄ-ի շրջանակներում հայ գերիների վերադարձի անհրաժեշտության խնդիրն արծարծել են Եվրոպական հանձնաժողովի նախագահը, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակը, Եվրոպական խորհրդարանի 100-ից ավելի անդամներ, մեր բազմաթիվ դաշնակից և գործընկեր երկրների բարձր և ամենաբարձր աստիճանի պաշտոնյաներ: Այս ուղղությամբ աշխատանքները, բնականաբար, շարունակվում են։ Ասեմ, ուղղակի, որ չի կարող լինել գեթ մեկ միջազգային հանդիպում՝ որևէ ձևաչափով, որևէ մակարդակով, որտեղ այս, ինչպես նաև, իհարկե, այլ հարցրեր համառորեն չեն բարձրաձայնվում մեր կողմից։

Անդրադառնամ կոմունիկացիաներին, դելիմիտացիա և դեմարկացիայի գործընթացին։ Արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Հավանաբար, գիտեք, որ եռակողմ աշխատանքային խումբ գոյություն ունի, և Հայաստանն այս խմբում ներկայացված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից։ Այնուամենայնիվ, որոշակի ընդհանուր գծերով կփորձեմ ներկայացնել․ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող՝ հիշատակածս եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունը:

Խումբը 2021 թվականի ընթացքում ունեցել է 8 աշխատանքային հանդիպում, ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողության այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր: Որպես արդյունք՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Եվրոպական խորհրդի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Եվ այժմ աշխատանքներ են տարվում այդ պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ:

Գիտեք, հավանաբար, որ սլախված չեմ լինի, եթե ասեմ, որ այժմ կա համընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, երկաթուղիները, բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով որ անցնում են։

Սահմանագծման ու սահմանազատման մասով․ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ-ի Սոչի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց հայտարարություն, որում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են, մեջբերում եմ. «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորումը»: Եվ մեր կառավարությունն այժմ ակտիվ ջանքեր է գործադրում այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար և հանդես է եկել առաջարկությունների գործնական փաթեթով։ Կարծեմ՝ խոսել ենք այս մասին նաև Ազգային ժողովի հարց ու պատասխանի ընթացքում․ այդ առաջարկությունների հիմքում ընկած են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային հետքաշման սկզբունքը, և զորքերը, ըստ էության, սահմանապահ ծառայությամբ փոխարինելու սկզբունքը, միջազգային մոնիթորինգի իրականացման սկզբունքը և այլն։ Գիտեք, որ Ադրբեջանը հրապարակավ, առանց բովանդակային քննարկումների մեջ մտնելու հայտարարել է, որ մերժում է այս առաջարկը։ Այլ առաջընթաց այս մասով առ այժմ չկա, բայց մենք շարունակում ենք աշխատանքները, և այստեղ էականը, բնականաբար, սահմանների անձեռնմխելիությունը, հետագա կայունությունն ապահովելու համար մեխանիզմների ներդրումը և բնակիչների անվտանգությունն ապահովելն է։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասով․ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ուղերձով։ Լատվիայի խորհրդարանը նույն թվականի մայիսի 6-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Երկկողմ հարաբերություններ․ մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է ավանդական գործընկերների հետ հարաբերությունների հետագա խորացումը և ընդլայնումը։

2021 թվականին շարունակաբար զարգացել է հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը, էականորեն ընդլայնվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառելով առևտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ և տրանսպորտային, տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, ինչպես նաև սոցիալական, առողջապահական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման նոր ուղղություններ։ 2021 թվականի հոկտեմբերի 18-19-ին Երևանում կայացել է հայ-ռուսաստանյան միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը, իսկ դեկտեմբերի 21-22-ին՝ փոխվարչապետերի համանախագահությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը:

Սեպտեմբերին Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, ամրագրվել են Հայաստանի հիմնական առաջնահերթությունները՝ միտված կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելով՝ Հայաստանի Հանրապետությունն առաջնահերթ է համարել ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի կատարելագործումը, ինչը պատմության մեջ առաջին անգամ կոնկրետ արտահայտություն ստացավ 2022 թվականի մեկնարկին ՀԱՊԿ անդամ Ղազախստանում տեղի ունեցած դեպքերի համատեքստում:

Շարունակվել է Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի երկխոսությունը: Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև: Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղարի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու մասին:

2021 թվականին ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և մարտի 1-ից համաձայնագիրը լիովին ուժի մեջ է մտել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է պայմանագրի դրույթների վերաբերյալ 300-ից ավելի միջոցառումներից բաղկացած ճանապարհային քարտեզ: Արևելյան գործընկերության շրջանակներում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված շուրջ 2,6 մլրդ եվրո ծավալի աջակցության շրջանակներում Կառավարությունը մշակել և Եվրամիությանն է փոխանցել ուղենշային նախաձեռնությունների փաթեթ:

2021 թվականի ընթացքում շարունակվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել է համատեղ տնտեսական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում իմ կողմից և ֆրանսիացի գործընկերոջս կողմից ստորագրվել է Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզը, որի հիմնական նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորել առաջիկա հինգ տարիների համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն և համագործակցության շրջանակ:

Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորացման նպատակով 2021 թվականի օգոստոսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիին, հանդիպում է տեղի ունեցել նաև սեպտեմբերի 17-ին Դուշանբեում: Այդ հանդիպումներում քննարկվել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Տարեվերջին Իրանի կառավարությունն ընդունել է որոշում՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ, հայկական կողմից քննարկվում է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը: Իրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային երթուղու ձևավորման շուրջ։

Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության շրջանակում 2021 թվականի դեկտեմբերի 19-20-ը երկու երկրների վարչապետերի գլխավորությամբ Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ ընդլայնված կազմով և օրակարգով:

Մեր տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր զարգացում էր նաև այն, որ 2021 թվականի Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների շնորհիվ երկու երկրների միջև երկխոսության գործընթաց է մեկնարկել՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակով:

Շարունակվել է հարաբերությունների զարգացումը ասիական, Մերձավոր Արևելքի ու լատինամերիկյան գործընկերների հետ։ Կուզենայի առանձնացնել 2021 թվականի հոկտեմբերին Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը, որը ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցն էր Հայաստան: Այցի ընթացքում մենք պայմանավորվեցինք նախապատրաստել երկկողմ համագործակցության հետագա զարգացման գործողությունների ծրագիր՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական, հաղորդակցությունների, կրթամշակութային և այլ ոլորտների ընդգրկմամբ:

Ուզում եմ հիշատակել նաև, որ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը, իսկ Ուրուգվայը Հայաստանի Հանրապետությունում իր ներկայությունը գլխավոր հյուպատոսությունից բարձրացրել է դեսպանության մակարդակի։

Հարգելի՛ գործընկերներ,

Բնականաբար, ներկայացվածը ամենևին ոչ ամբողջական արտացոլումն է արտաքին գործերի նախարարության կողմից և կառավարության կողմից արտաքին հարաբերությունների ուղղությամբ իրականացված քայլերի, միջոցառումների, և բնականաբար, նույնիսկ հիշատակված միջոցառումները, հանդիպումները չեն ընդգրկում այն ամբողջ օրակարգը, հարցերի այն ամբողջ շարքը և մանրամասները, որոնք քննարկվել են։ Հուսամ՝ մի մասին կկարողանամ անդրադառնալ, երբ ձեր կողմից հարցեր կլինեն։ Մյուս մասը գուցե ավելի փակ ռեժիմով կկարողանանք քննարկել։

Շնորհակալ եմ»։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031