«Էրդողանն ու Չավուշօղլուն պարբերաբար ասել են, որ հայ-թուրքական գործընթացում գործողությունները համադրում են Ադրբեջանի հետ։ Երբ գնում եք բանակցելու, կա՞ այս գիտակցումը։ Հաշվի առնո՞ւմ եք սա, երբ տեսակետներ եք արտահայտում»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա շարունակեց․ «Ի տարբերություն ձեզ՝ ես հաճախ եմ լինում Արցախում։ Արցախցիները հարց են տալիս՝ ստացվում է, որ մեզ թողնում եք Ադրբեջանի կազմում։ Եթե այդպես է, գոնե ասեք իմանանք։ Այդ մարդկանց հստակ պատասխանեք։ Կա՞ ՀՀ-Ադրբեջան խոսակցություն կարմիր գիծ, որը երբեք չեք խախտի։ Ի տարբերություն ձեզ՝ թշնամի կողմն իր կարմիր գծերի մասին արդեն հայտարարել է»։
Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Անկեղծ, իսկապես կուզեի դուք էլ հասկանաք, որ բոլորիս անվտանգությունը կախված է այն բառերից, որոնք այստեղ բարձրաձայն ասվում են։ Իմ կողմից կարող եմ վստահեցնել, որ իմ ամեն բառն ասում եմ այդ կապի խորը գիտակցությամբ, արցախցիներից յուրաքանչյուրի մասին մտածելով։ Կարմիր գծերն, անշուշտ, կան։ Նման հարց ինչպե՞ս կարող է ծագել»։
Կարդացեք նաև
Վարդանյանն արձագանքեց․ «Եթե կան, պետք է հրապարակվեն։ Երբ չեք ասում, ստացվում է, որ սեղանին կա թուրք-ադրբեջանական օրակարգ»։ Միրզոյանը պատասխանեց․ «Հուսամ՝ չհասկանալն է պատճառը, որ այդպես եք ասում։ Մեզ հետեւում են նաեւ շատ այլ երկրներում։ Կա օրակարգի առաջարկ, որը մեր համար ամբողջական չէ, համադրել ենք մեր առաջարկները եւ պատրաստ ենք ՄԽ համանախագահության շրջանակներում օր առաջ սկսել խաղաղության բանակցությունները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ