Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժխնդիր լինելու նպատակով կրակել էր որդու հետ վիճաբանած համագյուղացու ուղղությամբ

Մարտ 21,2022 18:19

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Լոռու մարզի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների` 2022թ. մարտի 20-ին՝ ժամը 22:50-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ զստափոսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի Լորուտ գյուղի՝ 1997թ. ծնված բնակիչ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ  հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է  քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել տուժած երիտասարդի և 2003թ. ծնված համագյուղացու միջև, որի մասին վերջինս հայտնել է հորը, ով վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, գյուղամիջում, դեռևս չպարզված հրազենով, 24-ամյա երիտասարդին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակել է նրա ուղղությամբ, որից հետո վերջինս տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը՝ ժամը 08:15-ին, մահացել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝  դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 1 հատ 5,45մմ տրամաչափի կրակված պարկուճ և ավտոմեքենայի ապակու կոտրված կտորներ, առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացած հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031