Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չե՞ք ամաչում դուք». Ռուբիկ Հակոբյանը ամոթանք տվեց օմբուդսմենին ու ընդդիմությանը հորդորեց՝ կա՛մ պետք է փոխեք ձեր մոտեցումը, կա՛մ պետք է հանձնեք մանդատները

Մարտ 21,2022 18:07

«Գործողությունների ժամանակն է եկել, պետք է հասկանանք, որ եթե այսօր ընդդիմադիրներս միասնական չենք գործում, դա ջուր է իրենց ջրաղացին: Ընդդիմությունը միասնացած չի ու չի ներկայացնում այն ծրագիրը, որ ժողովուրդը համոզվի՝ փոխարինողները այլընտրանք են: Մենք ներկայացնո՞ւմ ենք ստվերային կաբինետ, ժողովուրդը հարցնում է՝ իսկ ո՞վ է նրանց փոխարինելու»,- այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու մասին «Պատիվ ունեմ» խմբակցություն խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյան

Նա նշեց, որ եթե միասնություն այսօր չլինի, լինելու են մարգինալ ուժ: Արամ Սարգսյանը առաջարկեց համազգային համաձայնության խորհուրդ ստեղծել, որը կարող է հիմք լինել ապագա ստվերային կաբինետի ստեղծման համար, ներառել նաեւ Արցախը: Նա առաջարկեց հրատապ համաժողով հրավիրել:

Ի պատասխան՝ Նարեկ Սամսոնյանը նրան հարցրեց՝ ձեր ստվերային կառավարության վարչապետի թեկնածուն դեռ Տիգրան Արցաքանցյա՞նն է:

Խաչիկ Գալստյան

Քաղաքագետ Խաչիկ Գալստյանն էլ առաջարկեց Արցախի անվտանգության աշխարհաժողով հրավիրել, որովհետեւ Հայաստանի անվտանգության ողնաշարը, հայոց պետականության ներկան ու ապագան Արցախն է: Նա ասաց, որ այդ աշխարհաժողովը լուծելու է մեկ նպատակ՝ հեռացնել Հայաստանի ապազգային իշխանություններին, որից հետո կարելի է համաժողով հրավիրել. «Նիկո՛լ, դու ինձ լսո՞ւմ ես, Հայաստանն Արցախ է ու վե՛րջ»,- ելույթն ավարտեց Խաչիկ Գալստյանը:

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ասաց, որ Հայաստանը երբեք այսքան տկար ու անօգնական չի եղել՝ դիմագրավելու նույնիսկ ամենափոքր մարտահրավերներին: Նա հույս ունի, որ ռուս-ուկրաինական պատերազմից ՌԴ-ն դուրս կգա ավելի հզորացած ու հաղթած, ավելի միասնական ու ավելի լուրջ կարողություններով՝ աշխարհաքաղաքական նոր հնարավորություններ ձեւավորելու: Այն թեզը, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն ռազմավարական դաշնակիցներ են, այն առավել եւս նոր բովանդակություն ու իմաստ է ստանալու. «ՀՀ-ն տարածաշրջանում էական դերակատարում չունի այլեւս, այս տարածաշրջանում կա մեկ դերակատար, որի հետ պետք է հաշվի նստեն ու կնստեն` դա Ադրբեջանն է, մեր դուրը գալիս է, թե չի գալիս: Այս տարածաշրջանում հարավային ուղղությամբ ՌԴ-ն ունի մեկ բնական դաշնակից, դա ՀՀ-ն է: Մեր սպառնալիքները թե՛ Արեւմուտքի, թե՛ Արեւելքի նույնն են: Ադրբեջանն ու Թուրքիան հավասարապես սպառնալիք են թե՛ ՌԴ-ի համար, թե՛ ՀՀ-ի: Իհարկե, որպես մեծ տերություն, ՌԴ-ն կարող է Թուրքիայի նկատմամբ իրեն թույլ տալ վարել այսպիսի քաղաքականություն, ասում են՝ շանը շոյիր այնքան ժամանակ, մինչեւ համապատասխան «նամորդնիկ» գտնես»:

Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում մեղադրեց ընդդիմադիրներին, որ ԱԺ պատմության խայտառակ ծեծն են կազմակերպում իրենց նկատմամբ հենց խորհրդարանում, նույն ԱԺ նախագահը գնում է Բալի՝ կեղծ միջոցառման մասնակցելու այս նեղ իրավիճակում, իսկ իրենք, Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ամբիոնի մոտ «հայհոյանքից» հետո գալիս են ԱԺ ու քննարկում ծխախոտային տեսակների հարց, կամ պե՞տք է սեղանին աղաման դնել, թե՞ ոչ: Նա զարմացավ՝ ինչո՞ւ են մասնակցում նիստերին. «Դուք երկու ընդդիմադիր խմբակցությունով առանձին նիստեր հրավիրեք: Կա՛մ պետք է արմատապես փոխեք ձեր մոտեցումը, կա՛մ պետք է հանձնեք մանդատները»: Ըստ Հակոբյանի, ժողովուրդը պատրաստ է փողոց դուրս գալ, պարզապես պետք է ընդդիմությունը համոզիչ լինի:

Նա խոսեց ՄԻՊ-ի մասին. «Մարդու իրավունքների պաշտպանին ասում են՝ ի՞նչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, ասում է՝ դա քաղաքական հայտարարություն է: Ո՞նց չասես՝ արի այստեղ կանգնի, հրավիրի իմքայլական համույթին, ասա՝ շատ լավ բան ես ասում,որ ասում ես՝ ոչ միայն մատ թափ կտամ, այլ նաեւ ուրիշ բան թափ կտամ, այդ գործողությունները մեր նկատմամբ իրականացրու, մենք էլ հավեսով գնանք աշխատանքի: Չե՞ք ամաչում դուք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031