Գիշերվա ուժգին քամին, ձնաբուքը մեծ վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի քանի բնակավայրերի, ամբողջությամբ թռցրել են տների, գոմերի, մշակույթի տների ու դպրոցների կտուրներ։ Ամենաշատ վնասը հասցվել է Աշոցքի տարածաշրջանին․ գյուղերը հոսանքազրկվել էին ու թեև այժմ որոշ վայրերում հոսանքը վերականգնվել է, սակայն դեռ կան գյուղեր, օրինակ՝ Հարթաշենն ու Մուսայելյանը, Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ, Սպանդարյան, Արևշատ բնակավայրերը, որոնք դեռ խավարի մեջ են։
Վնասներ են կրել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերը։ Թավշուտում վնասվել է գոմի, դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները։
Շիրակի մարզպետարանում ձևավորվել են երկու աշխատանքային խմբեր, որոնք, այսօր շրջայց կատարելով գյուղական համայնքներ, փորձում են հաշվարկել կրած վնասները։
Կարդացեք նաև
Թորոսգյուղ ու Արփենի բնակավայրեր շրջայց կատարած Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վնասների մասին օպերատիվ տվյալներ ստացել են ինչպես 911 ծառայությունից, այնպես էլ համայնքներից։ Եղել են դեպքեր, երբ համայնքի բնակիչները հեռախոսով նկարահանել, լուսանկարել են իրենց կրած վնասը՝ ուղակելով Շիրակի մարզպետարան ու օգնություն հայցելով։ Կան ընտանիքներ, որոնք մոլորվել են․ տունն ամբողջությամբ մնացել է անկտուր։
Արամ Անտոնյանն ու Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանն իրենց աչքով են Թորոսգյուղում տեսել, թե ինչպես է քամին պոկել տան կտուրն ամբողջությամբ, նույնիսկ տան քարային հատվածից որոշ մաս փլուզել է։ Քամին պոկել է նաև տան կտուրներում տեղադրած արևային վահանակները։
«Ես մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ եղել եմ Թորոսգյուղ, Արփենի բնակավայրերում։ Ճանապարհը չենք կարողացել շարունակել, քանի որ փակ էր, աշխատանքներ էին ընթանում։ Վնասներ հասցվել են նաև Թավշուտ բնակավայրին, Ղազանչիին, Ամասիայի տարածաշրջանում Աղվորիկ բնակավայրին, վնասներ ունենք Ախուրյանում։
Ճիշտ է՝ Աղվորիկ չկարողացանք հասնել, որովհետև ճանապարհը փակ էր, բայց տեղեկատվություն ստացել ենք համայնքից այն մասին, որ տուն կա՝ քամին տանիքն ամբողջությամբ տարել է։ Թավշուտի բնակիչն էր զանգել, թե մեծ անասնագոմի տանիքը դարձյալ վնասվել է, այդտեղ անասնապահական ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով։ Այն նոր էր կառուցված, տանիքի՝ մոտ 500 քառակուսի մետրից 200-250 քառակուսի մետրը պոկել- տարել է»,-ասաց Արամ Անտոնյանը։
Նա ասաց, որ վնասվել է նաև Թավշուտի դպրոցի տանիքը, այնտեղից փոխանցել են, որ չափը մեծ չէ, կկարգավորեն սեփական ուժերով։
Շուտով հայտնի կդառնա Շիրակի մարզի կրած վնասի չափը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի