Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը հարցերին պատասխանելու փոխարեն՝ 100 տարով «հետ գնաց» ու հիշեց 1-ին հանրապետության ՀՅԴ-ին

Մարտ 21,2022 17:35

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ չհամաձայնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դիտարկմանը, որ նախկինում ՀՀ ղեկավարները եւս ժպտացել են թուրք պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։

«Թուրքիան պատերազմի ընթացքում չեզոք երկիր չէր, ուղղակի ներգրավված էր։ Դուք էիք ասում պատերազմի ժամանակ, որ Թուրքիան ցեղասպանությունը շարունակելու նպատակով է վերադարձել տարածաշրջան։ Ցեղասպանող երկրի ղեկավարության հետ այդքան ջերմ, հստակ վերաբերմունքը զգայական է հանրության համար։ Կարելի էր այլ կերպ դրսեւորվել բանակցությունների ընթացքում»,-կարծիք հայտնեց Աննա Գրիգորյանը։

Նա շարունակեց հարցադրումները․ «Դուք ասացիք, որ Արցախի կարգավիճակը սկզբունքային է։ Եթե այդպես է, հորդորում եմ սկզբունքային լինել եւ հստակ ասել, որ Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում լինել չի կարող։ Երբ խոսում եք Արցախի կարգավիճակի մասին, դեօկուպացիայի հարցը քննարկվո՞ւմ է։ Ասացիք, որ ընտրությունների ժամանակ ժողովրդից ուզել եք խաղաղության քվե, ժողովուրդն էլ ընտրել է։ Ես չէ, որ պետք է հիշեցնեմ, որ ձեր ծրագրում գրել եք դեօկուպացիայի մասին։ Ո՞ւր է այդ հարցը։ Նաեւ ասում եք, որ սահմանազատման-սահմանագծման հետ կապված փաթեթ էիք ներկայացրել Ադրբեջանին, որը մերժվել է։ Ի վերջո, ի՞նչ կար այդ փաթեթում։ Բացի այդ, Ներքին Հանդում, եթե այդ տեղանունը ձեզ որեւէ բան ասում է, Ադրբեջանը մեկ կմ առաջ է եկել։ Սա բարենպաստ պայմա՞ն է սահմանազատում անելու համար»։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Խորհուրդ կտամ ինձ հետ շփումներում իրավունք չպահել անել հիշեցումներ եւ հնչեցնել գնահատականներ։ Մենք էլ ոչ պակաս հիշեցումներ կարող ենք անել։ Օրինակ՝ ձեր դաշինքի մաս է ՀՅԴ-ն։ Դուք իրավացիորեն նշեցիք պատերազմի ժամանակ էթնիկ զտումների մասին ու հարց տվեցիք, թե դրանից հետո ինչպես է հնարավոր ջերմ հանդիպում անել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Ուրեմն «էդպիսի ջերմ»-ի աստիճանը դեռ պետք է գնահատել, բայց լավ կանեիք պատմության որոշ դասեր սերտել եւ ծանոթանալ ՀՅԴ-ի, առաջին հանրապետության ղեկավար-գործիչների դիրքորոշումներին՝ ՀՀ-Թուրքիա դաշինքի մասին։ Սա ասում եմ՝ առանց մի գրամ մեղադրանքի առաջին հանրապետության հիմնադիր հայրերի մասին, այլ հասկանալով այդ պահի քաղաքական-ռազմական իրավիճակը։ Ձեր տրամաբանությամբ՝ կարելի է տարակուսել, թե ինչպես է հնարավոր հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց նման խոսակցություն ունենալ Թուրքիայի հետ»։

Աննա Գրիգորյանը նկատեց․ «Անձնական շփման մասին ասացիք։ Ես պատգամավոր եմ, դուք էլ եկել եք որպես նախարար։ Հարց եմ տալիս այնպես, ինչպես հարկ եմ համարում, դուք էլ պատասխանեք այնպես, ինչպես հարմար եք գտնում։ Խորհուրդներ տալու կարիք չկա։ Այս անգամ ավելի հեռուն գնացիք եւ ձեր վերաբերմունքը Չավուշօղլուի հանդեպ պայմանավորեցիք ոչ միայն նախկին իշխանության ժպիտներով, այլեւ հարյուր տարի հետ գնացիք։ Ամեն դեպքում՝ նախկինների թեզը ձեր համար միշտ ակտուալ է, մինչդեռ ես հարցնում էի Արցախի կարգավիճակի, սահմանազատման, դեօկուպացիայի մասին։ Ո՞ր հարցին պատասխանեցիք։ Զգացմունքային ելույթ ունեցաք, փոխանակ պատասխանեիք։ Սկզբունքային հարցերը պարտավոր եք հանրությանը տեղեկացնել, ոչ թե ասել, թե ասում եք այն, ինչ հարկ եք համարում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031