«Կներեք, երբ ժպտում էիք, կուզեի պատասխանեք ոչ թե ինձ, այլ զոհված հերոսների ծնողներին, այդպես ի՞նչ էիք ուզում փոխանցել նրանց եւ միջազգային հանրությանը»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ նկատի ունենալով Միրզոյանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ վերջերս կայացած հանդիպման լուսանկարը։
Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ տեսած կլինեք, որ բոլոր նման հանդիպումներում դիվանագետների դեմքին ժպիտ լինում է։ Դա ավելի ընդգծված կերպով կարող եք տեսնել շատ ավելի նախկին շրջանում՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, ղեկավարների դեմքին՝ մինչեւ 2018թ․-ի ժողովրդական հեղափոխությունը։ Ժպիտները համեմատելիս գուցե ձեր մոտ տպավորություն լինի, որ ես առանձնապես չէի ժպտում։ Կարծում եմ՝ համեմատության եզրեր չկան։ Ձեր տրամաբանությամբ՝ այն ժամանակվա ժպիտներն ինչ-որ բան պետք է նշանակեին առաջին պատերազմում զոհվածների հանդեպ»։
Պատգամավորը նկատեց՝ պատերազմից հետո ամեն ժպիտ ու խոսք մանրադիտակի տակ է հայտնվում, եւ կարելի էր պարզապես ասել, որ սիրելի մայրեր, ձեզ չէր վերաբերվում․ «Ձեր տրամաբանությամբ ժամանակին Հեյդար Ալիեւը Սարդարապատի հուշահամալիրում էր ժպտում։ Չմոռանանք, թե որ երկրի ԱԳ նախարարն էր ձեր առաջ»։
Կարդացեք նաև
Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց նաեւ Ադրբեջանի առաջադրած հինգ նախապայմաններից։ Արարատ Միրզոյանը նշեց․ «Ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան, որ դրանք ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ-Ադրբեջան խաղաղության համապարփակ օրակարգը։ Ես արդեն ասել եմ, որ մեր պատասխաններում առանցքային են Արցախի հայության իրավունքները եւ Արցախի կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Այս հենքով ենք պատրաստ բանակցություններ սկսել եւ այս հենքով ենք դիմել ԵԱՀԿ-ին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ