Վերաքննիչ քրեական դատարանում Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյանների բանկային գաղտնիքները հրապարակելու եւ քրեական գործին միջամտելու գործով Աննա Վարդապետյանի գործողությունները որպես հանցագործություն չորակելու մասով բողոքի քննության նիստի ավարտից հետո փաստաբան Ամրամ Մակինյանը լրատվամիջոցներին ասաց. «Համոզված եմ, որ դատարանն ամբողջ ծավալով բողոքն ընկալել է: Ես հույս ունեմ, որ որոշումը կլինի այնպիսին, ինչպիսին մենք ենք ակնկալում: Այսինքն, կբավարարվի»:
Հարցին, թե Աննա Վարդապետյանը բազմիցս նշել է, թե ինքն իր տեսակետն ի պաշտոնե չի արտահայտել, այլ կարծիք է հնչեցրել, խորհրդատվություն է իրականացրել, ինչից ստացվում է, որ ցանկացած պաշտոնյա հնարավորություն ունի ոչ ի պաշտոնե նման խորհրդատվություննե՞ր տրամադրել, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում, թե ո՞ր ժամից հետո են մարդիկ գործում ի պաշտոնե, որ ժամից հետո՝ պաշտոնական պարտականությունների բերումով: Պատճառաբանությունները, թե ի պաշտոնե չեն գործել, առնվազն զավեշտի են հասնում: Տվյալ դեպքում մենք հնարավորություն էինք տվել, որ քրեական գործ հարուցեն եւ փաստարկեն, որ ի պաշտոնե չեն գործել:
Մենք համոզված ենք, որ վարչապետի օգնականի ներգործությունը մեկանգամյա բնույթ չի կրել: Այդ մասին դատարանում էլ ասացի: Ես օրինակ բերեցի մեկ այլ դեպք, որին իրավական հանրույթը քաջատեղյակ է: Իրենք էլ գիտեն, որ ուղղակի բացահայտվել է այն, ինչը իրենք չեն կարողացել թաքցնել: Պետք էր ընդունել այս հանգամանքը եւ հաստատվեր, որ ընդհանրապես Հայաստանում քրեական արդարադատությունը ղեկավարվում է կառավարության շենքից: Նորից եմ ասում, որ վարչապետի օգնականը որեւէ շարժառիթ չուներ զբաղվել Ռաֆիկ եւ Ռուբեն Հայրապետյանների գործով ու միջամտել: Ես համոզված եմ, որ այդ միջամտության մոտիվացիան եղել է իր վերադասից: Ոչ ոք չի մոռացել, որ այս քրեական գործերին նախորդել են իրադարձություններ, որոնք առիթ են հանդիսացել, որ Ռաֆիկ եւ Ռուբեն Հայրապետյանների նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեն:
Առիթից օգտվելով՝ հիշեցնեմ նաեւ այն գործի մասին, որ երկու տարուց ավելի հարուցվել էր եւ մեղադրանքն էր դրվել, թե շուրջ 560 միլիոնի յուրացում կա: Սակայն այսօր պարզվել է հակառակը, որ ֆուտբոլի ֆեդերացիան է Ռուբեն Հայրապետյանին 80 միլիոնից ավելի պարտք: Այս բոլոր գործերը փուչիկ են, այս բոլոր գործերը պատվիրված են եւ փուչիկները հերթով պայթելու են: Ես կուզեմ, որ այս իշխանությունը պայթեցնի իր փուչիկները, որովհետեւ հաջորդ իշխանությունները գալու են եւ այն մարդիկ, ովքեր արել են այս հանցանքները, շատ պատրաստակամ, իրար հերթ չտալով ցուցմունքներ են տալու, թե ով՝ ում ցուցում տվեց, ով՝ ինչպես էր ում գործը կարում ում վրա»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե տարօրինակ չէ՞, որ Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյանների գործերը կազմելուն մասնակցող անձինք թեկուզ խորհրդատվություն ստանալու համար դիմել են մեկ մարդու՝ Աննա Վարդապետյանին: Եվ արդյո՞ք տպավորություն չի ստացվում, որ վերջինը մի տեսակ այդ գործերը կոորդինացնողի դերակատարություն է ունեցել, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Ոչ թե տպավորություն է ստացվում, այլ այդպես է: Արդեն փաստարկված է, որ կոորդինացիան եղել է ոչ թե դատախազությունից, ինչը օրենքով է սահմանված, այլ ակնհայտ է, որ դատաիրավական ղեկավարումն իրականացրել է վարչապետի օգնականը, ինչը մենք հիմնավորել ենք: Այլ հարց է, որ հիմա վարույթն իրականացնող մարմինը կաշկանդված է եւ գնահատականներ չի տալիս իր վերադասին: Չմոռանանք, որ ԱԱԾ-ն էլ, ՔԿ-ն էլ գտնվում են վարչապետի անմիջական ենթակայության տակ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ