Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկելու մասին լրագրողներին մի՛ պատմեք, գնացեք հոսող ջրին պատմեք, բայց՝ արագ, որովհետեւ ջրի սակագները թանկացրել եք». Էլիբեգովա

Մարտ 21,2022 16:43

«3 հարց եմ եկել տամ՝ մեր արտաքին քաղաքականությունը որոշողներին:

1) Մեր պաշտոնական դիրքորոշումը Արցախի կարգավիճակի վերաբերյալ ո՞րն է, որովհետեւ եթե մենք դիտարկում ենք Արցախի անկախությունը ու չենք դիտարկում այն Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ եք մոռացել դրա մասին զգուշացնել ձեր թիմակիցներին, որոնք անառողջ համառությամբ շարունակում են հակառակը համոզել: Առհասարակ խորհրդի կարգով՝ եթե ձեզ մոտ անվերահսկելի ցանկություն է առաջանում դրա մասին պատմել, լրագրողներին մի՛ պատմեք դրա մասին, գնացեք հոսող ջրին պատմեք, բայց՝ արագ, որովհետեւ ջրի սակագները թանկացրել եք»,- այսպես այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու մասին «Պատիվ ունեմ» խմբակցություն խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում իշխանություններին քննադատեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ ներկայացնելով նաեւ իր երկրորդ եւ երրորդ հարցադրումները. «Եթե ձեզ հայկական Արցախը պետք չի, մեզ պետք է, մեր երեխաներին պետք է, մեր թոռներին պետք է, Մեսրոպ Մաշտոցին է պետք վերջիվերջո, հուսով եմ՝ տառաճանաչ եք եւ գիտեք ով է Մեսրոպ Մաշտոցը:

2) Հայ-թուրքական բանակցությունների մեջ նախապայմաններ կա՞ն, թե՞ չկան, որովհետեւ հայկական կողմը պնդում է, որ չկան, թուրք-ադրբեջանական կողմը հերթով, կարգով այդ նախապայմանները թվարկում է, ճոխացնում է, իսկ բանակցությունները շարունակվում են: Եթե չկան նախապայմաններ, ապա ի՞նչ եք բանակցում, ի՞նչ է ասում թշնամին, որ մեկուկես տարի առաջ մեր տղաներին բայրաքթարներով սպանում էր, պատմեք՝ մենք էլ իմանանք»:

Նա հորդորեց «խաղաղության դարաշրջան» բացած իշխանականներին գնալ Խրամորթ ու այնտեղ ապրել, ըմբոշխնել այդ խաղաղությունը. «Մոռացել էի, դուք չեք գնում Արցախ, որովհետեւ այնտեղ ձեր անվտանգությունը երաշխավորված չէ, այդպես հոռի խաղաղության դարաշրջան եք բացել, ասեմ ձեզ: Պատմեք, թե ինչ եք բանակցում՝ առանց մարմնի մասերի անկանոն թափահարումների, բարձր դեցիբելների ու պսիխոմտքերի, պարզ բացատրեք՝ ի՞նչ եք խոսում թշնամու հետ:

3) Ադրբեջանը պատժվելո՞ւ է իր ռազմական հանցագործությունների համար: Ե՞րբ է հայտարարվելու ագրեսոր ու ենթարկվի սանկցիաների: Ե՞րբ է բարձրացվելու Արցախի դեօկուպացիայի հարցը: Մեկուկես տարին բավարար էր, որ այդ ամբողջ ինֆորմացիան հավաքեք ու ներկայացնեք աշխարհին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031