«Գործող իշխանությունը չգիտի խնդիր ձեւակերպել, ռիսկեր կառավարել, ամբողջական խճանկարի մեջ դիտարկել խնդիրները, հաշվարկել թշնամական տրամադրված պետությունների քայլերը ու հաջողության հասնելու հնարավորությունները: Փոխարենը իմաստակի կեցվածքով, նարցիստիկ պահվածքով ու անբովանդակ մտքերով շարունակում է մեր ժողովրդին կերակրել մի քանի անգիր արած նախադասություններով, թե բա՝ ժողովրդավարության բաստիոն եւ այլն»,- այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու մասին «Պատիվ ունեմ» խմբակցություն խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց Աբրահամ Գասպարյանը:
Նա հայտարարություն արեց. «Քանի որ ժողովրդավարություն ասեցի, հիշեցի՝ պողպատե չագուչ բռնող, մատ թափ տվող, հսկա ջարդող հայտնի անձնավորությունը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը մտել է ժողովրդավարական պետությունների բարձրագույն լիգա: Հետազոտությունը իրականացրել է Varieties of Democracy կազմակերպությունը, որն աշխարհում 200-ի հասնող պետական միավորների դեմոկրատացման ինդեքսն է հաշվում: Ինքս, որպես այդ կազմակերպության հետ մեկ տասնամյակից ավելի աշխատող փորձագետ, պաշտոնապես հայտարարում եմ՝ ստո՛ւմ ես, լկտիաբար ստո՛ւմ ես, այն էլ՝ հերթական անգամ, այնպես, ինչպես Հայաստանում չկա կոռուպցիա, չկա նեպոտիզմ, կամ ռազմագերիների վերադարձի, մամուլի ազատության, հեռուստացույցերի գործարանի եւ շահերի համադրման վրա կառուցված արտաքին քաղաքականություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ