«Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 կմ-ը գրավված է ադրբեջանցիների կողմից, դուք ինչի՞ շուրջ եք բանակցում, երբ այսօր պետք է բոլոր միջազգային հարթակներից բարձրաձայնեիք այդ անօրինական գործողությունների մասին: Ինչո՞ւ չեք նշում, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի մաս ու Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, արդյոք փորձե՞լ եք սրա մասին խոսել ձեր կիրթ եւ կառուցողական ընկերոջ հետ: Ես ունեմ լիարժեք իրավունք համարելու, որ դուք ամբողջությամբ ծառայում եք այլ պետությունների նպատակներին, այն է՝ անել ամեն ինչ, որ ՀՀ-ն հյուծվի, որպես պետություն ընդհանրապես գոյություն չունենա»,- այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու մասին «Պատիվ ունեմ» խմբակցություն խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Անիտա Ազատյանը:
Նա, դիմելով ՔՊ-ին, ասաց, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են, ինչպես դա արել են վերջին տարիների ընթացքում՝ մինչեւ իրենց իշխանության գալը. «Ապրիլյանից հետո Ալիեւը ողբում էր, որ իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը փակ դռների հետեւում ու սա ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի բարձրակարգ դիվանագիտական հմտությունների արդյունք է: Ինչքա՞ն կարելի է ստել մարդկանց, համոզել, որ եթե անգամ իրենց տան առաստաղից ջահն էլ ընկնի, նախկիններն են մեղավոր: Գլուխ էիք գովում, թե ձեր սեփական կետից եք սկսում բանակցությունները, իսկ հենց պարտվեցիք՝ մեղադրեցիք նախկիններին: Ո՞ւմ եք գժի տեղ դնում, ինքներդ ձե՞զ, թե՞ ժողովրդին: Դուք եք հռչակել ձեզ գերագույն գլխավոր հրամանատար, ո՞վ է պատասխանատու:
Այսինքն, պարտության դեպքում նախկիններն են մեղավոր, իսկ եթե հաղթեիք, դո՞ւք էիք դառնում ֆիլմի հերոսը: Սա՞ է ձեր գավառամիտ ու խարդախ տրամաբանությունը: Դե ուրեմն ձեր ականջին օղ արեք, որ այս պատերազմում պարտվել եք դուք ու ոչ թե ժողովուրդը, ոչ թե մեր բանակն ու հերոսները: Միջազգային հարթակներում ձեր խոսքի մեջ Շուշին ու Հադրութը չեք համարում օկուպացված, երբեք չեք պատասխանում Ալիեւին, ի՞նչն է պատճառը, վախենո՞ւմ եք, թե՞ ձեր ուժը պատում է միայն ընդդիմադիրների վրա կեղծ գործեր կարելով ու հետապնդելով հաղթանակած նախագահներին: Ձեզ ընտրած ժողովրդին ինչո՞ւ չեք պատմում, որ ԱԳ նախարարի պաշտոնում հայտնված մարդը ինչո՞ւ է լայն ժպիտով սեղմում թուրքի ձեռքը: Ինչո՞ւ չեք պատմում, թե ինչ եք քննարկում նրանց հետ եւ ով է տվել այդ մարդուն իրավունք՝ առանց տարրական հարցում անցկացնելու հայտարարել, թե ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է մոռանալ ամեն ինչ ու հանձնվել Թուրքիայի ողորմածությանը: Այսինքն, դուք համարում եք, որ Հայաստանի ժողովրդի մեծ մասը անինքնասեր թրքասերնե՞ր են: Խորհուրդ կտայի չչափել այս ժողովրդին ձեզնով»:
Կարդացեք նաև
Ազատյանը հորդորեց հավաքել իրենց իրերը ու Բաքվում մշտական բնակություն հաստատել. «Ի՞նչ գործ ունեք մեզ հետ…Պարո՛ն Արաբաթ, ո՞ր պահն է ձեզ այդքան երջանկացրել, գուցե Եռաբլո՞ւրը: Թուրքերի առաջ դուք նսեմացնում եք արցախյան առաջին պատերազմի հաղթական նշանակությունը…Լայն բացեք ձեր աչքերը եւ տեսեք որքան մարդ է ձեզ ատում: Տղամարդ եղեք, հեռացեք, դուք էիք ասում, որ եթե բնակչության թեկուզ մի փոքր տոկոսը պահանջի մի օր ձեր հրաժարականը, դուք կհեռանաք: Բա ո՞ւմ եք սպասում, վարչապետի աթոռին սոսնձված մարդ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ