«Կարո՞ղ եք հստակ հայտարարել, որ բանակցում եք՝ Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում բացառելու, Արցախի անկլավային կարգավիճակը բացառելու եւ ՀՀ-ի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի երաշխավորի կարգավիճակը հաստատելու ուղղությամբ»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Հավանաբար ձեր քաղաքական կուսակցության պատկերացումներն եք ներկայացնում։ ՔՊ-ն քանիցս ասել է իր պատկերացումներն, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Մեր պատկերացումները խարսխված են տարածաշրջանում խաղաղություն եւ կայուն զարգացում ապահովելու ուղենիշի վրա։ Քաղաքացիների թեզերը, որոնք բարձրաձայնվել են քարոզարշավի ժամանակ, գտել են բավարար աջակցություն, որպեսզի կառավարություն ձեւավորվի ՔՊ-ի կազմից կամ վարչապետի առաջադրմամբ։ Մեր ուղենիշը տարածաշրջանում խաղաղություն կառուցելն է։ Դրա կարեւոր մաս է ԼՂ շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը, ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցումը եւ կնքումը։ Մեր համար սկզբունքային են արցախահայության իրավունքների եւ ԼՂ կարգավիճակի հարցերը»։
Արմեն Ռուստամյանը նրա պատասխանից զարմացավ․ «Զարմանում եմ, որ այն, ինչ ասացիք, դուք վերագրեցիք կուսակցական մոտեցման։ Տեղյակ չե՞ք, որ Արցախն իր անկախություն է հռչակել անկախության հռչակագրով, որ եղել է հանրաքվե, որ Արցախում սահմանադրություն է ընդունվել եւ ամրագրվել, թե Արցախի ժողովուրդն ինչպես է պատկերացնում Արցախի հարցի լուծումը։ Ուզում եմ հասկանամ՝ ձեր կառավարությունը հրաժարվո՞ւմ է այդ պահանջներից։ Հրաժարվո՞ւմ է Արցախի սահմանադրության այն հոդվածից, որը սահմանում է Արցախի ժողովրդի կամքի իրացումը։ Դա նշանակում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։ Ես մեղմ ձեւակերպեցի։ Իսկ Արցախի ժողովուրդը հստակ ասել է՝ Արցախի անկախություն։ Իսկ այն, որ ՀՀ-ն երաշխավորն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, դա ՀՅԴ ծրագրում չէ, որ գրված է, այլ մեր ռազմավարությունում։ Դուք հրաժարվո՞ւմ եք դրանից»։
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանը կրկնեց նախորդ պատասխանը․ «Արցախի կարգավիճակի եւ արցախահայության իրավունքների հարցերը մեր համար մնում են սկզբունքային»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ