Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր կայացավ Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյանների նկատմամբ հարուցված քրեական գործին վարչապետի իրավական հարցերով օգնական, արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանի միջամտելու եւ Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյանների բանկային գաղտնիքները հրապարակելու գործով Աննա Վարդապետյանի գործողությունները որպես հանցագործություն չորակելու մասով բողոքի քննությունը:
Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը վերաքննիչ դատարանին ներկայացրեց բողոքի հիմնավորումները եւ դատարանին խնդրեց՝ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Մեղադրող կողմը ներկայացնողներից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանը եւ նյութերով քննիչ Ռուբեն Մարտիկյանը հակառակ դիրքորոշում արտահայտեցին՝ բերելով իրենց հակափաստարկները եւ պնդեցին ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Կողմերին լսելուց հետո, երբ նրանք այլեւս նոր ասելիք չունեին, դատավոր Պապոյանը ասաց, որ անձնական աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նիստի շարունակությունը հետաձգում է: Նա հաջորդ նիստը նշանակեց մարտի 29-ին, ժամը 16:00-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ