Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 21-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում: Վեհաժողովի օրակարգի հիմնական ուղղվածությունը կլիմայական փոփոխությունների դեմ համախմբված պայքարն է, ինչը նաեւ տարբեր երկրների խորհրդարանների համակարգված աշխատանք է պահանջում:
Ալեն Սիմոնյանը ելույթը սկսել է Ինդոնեզիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փուան Մահարանիին ուղղված շնորհակալական խոսքով:
Ելույթում ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային գործընթացներում կլիմայի փոփոխության կողմնակի ազդեցությանը: Նա գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանն ակտիվ միջոցներ է ձեռնարկում կլիմայափոխության եւ մարդածին աղետների դեմ ուղղված միջազգային հանրության ջանքերին նպաստելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանն ընդունել է Կլիմայափոխության գործողությունների ազգային հարմարվողականության ծրագիր, ինչը խորացնում է համագործակցությունը ոլորտային նախաձեռնությունների միջեւ: Ներկայացնելով կլիմայական խնդիրների հայաստանյան առանձնահատկությունները՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ միջազգային մի շարք համաձայնագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է 2021-2030թթ. համար նախատեսված ներդրումների ծրագիրը, ինչը նպաստելու է արտանետումների մակարդակի նվազեցմանը եւ կանաչ գոտիների աճին:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում վերականգնվող էներգիայի ավելացման քաղաքականությունը՝ հավելելով, որ իրականացվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ:
Հաշվի առնելով համաշխարհային բնապահպանական մարտահրավերները եւ դրանց անշրջելի ազդեցությունը կլիմայի վրա՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է տվյալ հարցում մեր պետության համագործակցային պատրաստակամությունն անդամ բոլոր պետությունների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների հետ:
Եզրափակելով ելույթը՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ խորհրդարանները պատասխանատու են կոնվենցիաների եւ համաձայնագրերի, ինչպես նաեւ ազգային օրենսդրության բարեփոխումների հարցերում, եւ ՀՀ Ազգային ժողովը պատշաճ վերահսկում է այս գործընթացները:
ՀՀ ԱԺ