Լրահոս
Օրվա լրահոսը

Սևազգեստ մայրերը հաղթել են դատարանում. «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներից ներողություն չեն խնդրի. «Փաստինֆո»

Մարտ 21,2022 15:25

«Փաստինֆո» . Շուրջ երկու տարի դատական քաշքշուկների արդյունքում, ի վերջո, դատարանն ամրագրել է զինծառայության ընթացքում իրենց զավակներին կորցրած մայրերը՝ «Մարտի 1»-ի գործով զոհվածների հարազատներից ներողություն չեն խնդրի։

«Դատական քաշքշուկների մեջ էինք մի արտահայտության համար, որը վիրավորանք չէր իրենց հասցեին։ Կառավարությունից ընդամենը պահանջում էինք փոփոխություն կատարել որոշման մեջ և աջակցություն տրամադրել նաև զոհվածների ընտանիքներին՝ 30.000 դրամի փոխարեն 60.000 դրամի չափով։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

«Դա վիրավորական էր, մասնավորապես, Սարգիս Քլոյանի համար, որն ինձ չի էլ ճանաչում։ Անմիջական կապ էր ստեղծել որոշ մարդկանց հետ և կառավարությունից, երևի, պատվեր էին իջեցրել, որ պետք է վարկաբեկի տիկին Մարգարիտային։ Երկու տարուց ավել դատական նիստերը գնաց, ոչ մի անգամ Սարգիս Քլոյանը չի ներկայացել նիստերին»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ վերջիններս չէին ներկայանում՝ ամոթ զգալով, վերջին նիստին հայցվոր կողմի փաստաբանը նշել էր, որ ինքը ծնողների պահանջն է կատարել։

Հրավիրված մամուլի ասուլիսին Սաթիկ Խլղաթյանն էլ արձանագրեց, որ իրեն շատ վատ է զգում, երբ «Մարտի 1»-ի մահացածներին զոհված են ասում, որովհետև նրանք մահացել են, չեն զոհվել։

«Յուրաքանչյուր պատվերի համար իրենք գումար են ստանում։ Ոչ մի քաղաքական բան չկար մեր պահանջի մեջ, մեր պահանջն էր ընդամենը 30.000 դրամը։ Դատավարության ընթացքում հասկացա, որ հերոսներին մեր կառավարության մեջ չեն ընդունում»,- նշեց Խլղաթյանը։

Նա պատմեց, որ Քլոյանն իրեն մոտեցել և ասել է, որ կառավարությունն իրենց տրամադրել է 30.000.000 դրամ, բայց պետք է դիմեն ԵԴ, որտեղ իրենց կհատկացնեն 240.000.000 դրամ և այդ 30 մլն-ն կվերադարձնեն կառավարությանը։

«Իրենք շատ վիրավորվել էին մեր պահանջից։ Այսինքն՝ զոհվածի ընտանիքներն իրավունք չունեին որևէ պահանջով դիմելու կառավարությանը»,- նշեց Խլղաթյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները շուրջ երկու տարի առաջ դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ Մարգարիտա Խաչատրյանի և Սաթենիկ Խլղաթյանի՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Մասնավորապես՝ նրանց վրդովեցրել էր զոհված զինծառայողների հարազատների հայտարարությունն առ այն, որ կառավարությունը 30 մլն դրամ է տրամադրում «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ խանութներ թալանին և անկարգությունների մասնակիցներին, իսկ հայրենիքի սահմանները պաշտպանող զոհված զինծառայողների հարազատներին՝ ոչ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, շուրջ մեկ տարի առաջ կարճել է գործի վարույթը՝ բավարարելով հայցային վաղեմության հիմքով զոհված զինծառայողների մայրերի ներկայացուցչի միջնորդությունը։ Հայցվոր կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատական ակտի դեմ, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ինչից հետո առաջին ատյանի դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031